Թիվ 130 հիմնական դպրոցում դասադուլ է. աշակերտները դեմ են չարաշահումներ թույլ տված տնօրենին, փոխտնօրենները ազատման դիմումներ են գրել
Երևանի Նաիրի Զարյանի անվանի դպրոցում այս պահին աշակերտները դասադուլ են անում։
Նրանք պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։
Տեսչական ստուգումներից հետո պարզվել է, որ կան չարաշահումներ։ Դրանից հետո ծնողներն ու աշակերտները պահանջում են Ն. Հովսեփյանի հրաժարականը։
Ավելին, Ն. Հովսեփյանի կողմից յուրացումների փաստի ի հայտ գալուց հետո դպրոցի երեք փոխնտօրենները ազատման դիմում են գրել։ Միաժամանակ պնդում են, որ անձնական խնդիր չունեն վերջինի հետ։
«Խնդիրն այն մեթոդներն են, որոնցով նա համակարգում է դպրոցը և վերջին շրջանում դպրոցում տիրող, մեղմ ասած, քաոսային իրավիճակը»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են փոխտնօրենները:
Տնօրենի խոսքով՝ նախքան ծնողների գալը դպրոցում մանկավարժական խորհրդի նիստ էր տեղի ունենում, որի ժամանակ էլ նույն հարցն էր քննարկվում: Փոխտնօրենների դիմումները դեռևս մակագրված չեն տնօրենի կողմից:
Հիշեցնենք, որ նախօրեին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ: Ծնողները նշում էին, որ նոր տնօրենի՝ գործունեության 1,5 տարում տասնյակ ուսուցիչներ են սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել աշխատանքից: Երեկ էլ երեք փոխտնօրեններն են միաժամանակ ազատման դիմում ներկայացրել:

