Մի՛ մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ․ Գեղարքունիքի մարզպետը՝ ակցիայի մասնակիցներին
«Օրենքը մշակվել ու օրենքի ուժ է ստացել 2016 թվականին։ Որոշվել է, որ 2024 թվականից արդեն կգործի այդ օրենքը»,- այսօր ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ բողոքի ելած Գեղարքունիքի մարզի բնակիչներին ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Կ. Սարգսյանը նշեց, որ այս հարցը բարձրացրել է ՊԵԿ նախագահի մոտ, ասել է՝ նման խնդիր կա, մարդիկ բարձրաձայնում են. «15 օր է քննարկում է գնում, որպեսզի հասկանան, որ ուղղությամբ է լուծվելու այս հարցը։
Եկեք սպասենք, մինչև քննարկումներն ավարտվեն, ևս մեկ անգամ կգամ ձեզ մոտ»։
«Եթե քննարկվում է, ինչո՞ւ է մեր շտրաֆները գալիս»,- հարցրեց ակցիայի մասնակիցը։
Կ. Սարգսյանն ասաց. «Ձեր նկատմամբ, հիմա էլ, մեր բարձրաձայնելուց հետո, վարչարարություն չի իրականացվել, ձեզ ընդամենը ծանուցվել է, որ օրենքը գործում է, օրենքի այս ինչ կետով հարկման ենթակա եք, բայց որևէ մեկիդ նկատմամբ որևէ այլ վարչարարություն, բացի ծանուցումից, չի իրականացվել»։
Քաղաքացու դիտարկումից հետո, որ բանկում իրեն ասել են՝ «հարկադիրի տակ ես՝ այդ օրենքի կետը չկատարելու պատճառով», մարզետն ասաց. «Ժողովրդին էլ ես սուտ ասում, մոլորեցնում։ Չի կարելի»։
Կարեն Սարգսյանն բնակիչներին հորդորեց արտագնա աշխատանքի չմեկնեն, և ինքը բոլորին կապահովի աշխատանքով. «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է Հայաստանում վճարեն եկամտային հարկ:
Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կնախաձեռնի քննարկումներ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %):
Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

