Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզ նվաճեց. նա ավարտում է կարիերան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի կանանց թիմի անդամները: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան ծանր քաշային կին ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 102 և 105կգ: Այս ձևում Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդաալկիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 227 կգ քաշով նա 3-րդն է:
Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Տաթև Հակոբյանը պոկում վարժությանը բարձրացրեց 103 կգ: Հրում վարժությունում Հակոբյանը գլխավերևում պահեց 124 կգ: Երկամարտի 227 կգ-ով նա 4-րդն է Եվրոպայում:
Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:
Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:
Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խուրշուդյանն ասել է՝ ցանկանում էր կարիերան ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղել է. «Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»:

