«Ակադեմիական քաղաքի» գնացքն արդեն գնացել է, էլ կանգնացնել չի լինի. Փաշինյան

2018-ից մեր օրակարգում է թվայնացման հարցը. ես տասնյակ խորհրդակցություններ եմ արել, մասնագետներին խնդրել եմ բացատրել՝ թվայնացումն ինչ է և ինչի համար է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ես այդ խորհրդակցություններին, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ,  դուրս եմ եկել դմբրած և հասկանալով, որ ես ոչինչ չհասկացա:  Ասել եմ՝ տարբերակ չկա՞ այդ հարցի պատասխանները ձևակերպել մեկ էջի վրա: Ամեն հարցի պատասխանը 22 հատոր է: Վերջը հարցրեցի՝ ո՞րն է առաջատար երկիրը թվայնացման ոլորտում: Ասացին՝ Էստոնիան: Ասացինք՝ կարո՞ղ ենք  Էստոնիայից մարդ հրավիրել, որ բացատրի, թե թվայնացումն ինչ է: Էդ մարդիկ եկան և մեկ ժամում բացատրեցին՝ ինչ է թվայնացումը, և ես այլևս որևէ հարց չունեի: Սա իրողություն է»:

Փաշինյանի խոսքով՝ «ակադեմիական քաղաքի» ծրագրի դեպքում այլևս 22 հատ խորհրդակցություն անելու կարիքը չկար, միանգամից հրավիրել են միջազգային փորձագետների:

«Հիմա մեր գործընկերները այդ պրոյեկտը դնում են մի ռելսերի վրա, որ հետո եթե անգամ ուզենանք չիրականացնել, չենք կարող: Որովհետև «Ակադեմիական քաղաքի» գնացքն արդեն գնացել է, էլ կանգնացնել չի լինի: Աշխատանքի մեթոդը սա է: Մենք մինչև քաշում-քաշքշում ենք, շաղգամը չենք կարողանում ի վերջո հողից հանել: Լավ չէ, որ այդպես է, բայց սա մեր իրողությունն է, որը պետք է խոստովանենք»,-նշեց վարչապետը: