Դա արդեն զուգընկերություն չի, ուրիշ բան է, բառերով չասեմ՝ ինչ է․ Գեղամ Նազարյան
Ազգային ժողովը քննարկում է ՔՊ-ական կին պատգամավորների ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով ընտանիքի սահմանումն ընդլայնվում է՝ ավելանալով զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները, միաժամանակ, արգելվում է կուսության ստուգումը։
Քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանին հարցրեց` ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը:
«Առաջարկում եմ, որ հստակ նշվի՝ զուգընկերն արական ու իգական սեռի է, որովհետև արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ»,- ասաց Նազարյանը:
Նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանը ասաց, որ օրենքում բռնության կանխարգելման մասին է խոսքը, բայց իրենք իրավասու չեն սահմանել, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր:
«Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը` արգելվում է բռնությունը: Մենք չենք սահմանելու խտրականություն, ավելին, ես հույս ունեմ, որ շուտով կառավարությունը բերելու է նաև հավասարության մասին օրենքը, որտեղ արգելված է բոլոր հիմքերով խտրականությունը։
Մեր օրենքի կարգավորման նպատակը ես արդեն ասել եմ, բայց դա չի բացառում այն անձնանց, ովքեր ազատ են ընտրելու իրենց զուգընկերներին, այսինքն դա չի քննարկվում»,- ասաց ՔՊ-ականը:
Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե եթե անձը ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին, ապա նրանք այլևս իրենց պաշտպանության ներքո չեն գտնվելու այս օրենքի շրջանակներում:
«Դա արդեն զուգընկերություն չի, ուրիշ բան է, բառերով չասեմ՝ ինչ է։ Մենք պետք է պաշտպանենք ավանդական ընտանիքը, ավանդական ընտանիքի թե տղամարդուն, թե կնոջը, թե հարսին, թե սկիսուրին։ Ես կողմ եմ, որ ընտանիքում բռնություն չլինի, որ ընտանիքում հարսը սկիսուրին չծեծի և հակառակը, բայց երբ այս օրենքով մենք փորձում ենք պաշտպանել մի խմբի որը խաթարում է պետության, ընտանիքի հիմքերը, նվազեցնում է ծնելիությունը, խթանում է թմրամոլությունը՝ այդ խմբին ես ու մենք չենք պաշտպանելու»:
Բաթոյանն էլ շեշտեց, թե գործող օրենսդրությունը, գործող Սահմանադրությունը որևէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը:

