Առաջիկայում ընթացք կտրվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին 140 տուն է կառուցվում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ, Չինարի գյուղում 1990 թվականից մինչեւ 2020 թվականը ոչ մի տուն չի կառուցվել: Իսկ այսօր սահմանամերձ գյուղերում 16 մլն-ի մեր ծրագրով 140 տուն է կառուցվում: Այդ ծրագիրն այսօր ծավալվում է, թող կառուցվի, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Երեք օր առաջ փոխվարչապետը ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն է ուղարկել ինձ, եւ պայմանավորվել ենք մեկ շաբաթում մեծ խորհրդակցություն հրավիրել, կկայացնենք վերջնական որոշումներ եւ ծրագրին ընթացք կտանք: Մենք պայմանավորվել ենք, որ այդ ծրագիրը կվերաբերի ոչ միայն սեպտեմբերյան դեպքերից հետո բռնի տեղահանվածներին, այլեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով բռնի տեղահանվածներին»,-ասաց Փաշինյանը: