Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիա-Իսրայել փոխադարձ մեղադրանքների հիմքում. Անկարան պատասխանել է Իսրայելին
Թուրքիայի իշխանություններն անհանգստացած են, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները կարող են ցեղասպանության բնույթ ստանալ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
«Իսրայելական օկուպացիան, էքսպանսիոնիստական մտածելակերպը և գործողությունները, որոնք լիովին անտեսում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքը և բարոյական սկզբունքները, հանգեցրել են Գազայի հատվածի աղետին: Մենք շատ անհանգստացած ենք տեղեկություններով, որ իսրայելական ռազմական հանցագործությունները կարող են հասնել ցեղասպանության մակարդակի, և ուշադիր հետևում ենք ՄԱԿ-ի Միջազգային դատարանի լսումներին՝ կապված Իսրայելի կողմից 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայի խախտումների հետ»,-ասել է Քեչելին Թուրքիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա նաև նշել է, որ Իսրայելի կառավարության անդամների՝ իրենց կատարած վայրագություններից ուշադրությունը շեղելու փորձերը որևէ արդյունք չեն տա:
Քեչելին այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան X-ում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին ուղղված հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի հայտարարություններին։ Կացը նշել էր, որ Էրդողանն այն երկրից, որը Հայոց ցեղասպանության պատմություն ունի, պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով:
Նա հավելել է, որ Իսրայելում «հիշում են հայերին, քրդերին», իսկ Թուրքիայի պատմությունը «խոսում է իր մասին»։

