Ինչու էր պետք վավերացնել Հռոմի ստատուտը․ արդարադատության նախարարի պարզաբանումը
Հռոմի ստատուտի վավերացումից հետո անհրաժեշտ է դրան համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող մամուլի ասուլիսում։
«Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որը պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները։ Այդ առումով մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը։ Մասնավորապես, Վրաստանն ունի համանման օրենսդրություն, առհասարակ՝ առանձին օրենք։ Բայց նաև 4-5 առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել։ Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն ու միջազգային փորձագետների հետ աշխատելն է»,- ասաց արդարադատության նախարարը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Հռոմի ստատուտը օգնի նախկինում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների բացահայտմանը, Մինասյանը պարզաբանեց․ «Կան դատախազական և քննչական գործիքակազմեր, և մեր նախաքննական մարմիններն, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազներին և իրավապահներին, որոնք, գալով Հայաստան կամ թղթերն ուսումնասիրելով, մասնակից են դառնում այդ վարույթներին։ Եվ այս դեպքում Հայաստանը ռազմական հանցագործությունների քննական պրոցեսներում միայնակ չէ»։

