Արցախից հինգ շահառու անվանական կրթաթոշակներ ստացան «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից
Նոյեմբերի 5-ին` Վահե Մելիքսեթյանի 35-ամյակին նվիրված «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգից ստացված հասույթը 2023-2024 ուսումնական տարում ուղղվեց արցախցի 5 ուսանողի։
Այս մասին հայտնում են «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից։
- Գրիգորյան Գայանե – ԵՊԲՀ օրդինատուրա՝ Էնդոկրինոլոգիա
- Զաքարյան Լիա – ԵՊԲՀ օրդինատուրա՝ Ճառագայթային ախտորոշում
- Մուսայելյան Լուսիա – ԵՊԲՀ օրդինատուրա՝ Ճառագայթային ախտորոշում
- Մելքումյան Եվա – ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետ
- Մելքումյան Մանե – ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետ
Շահառուների ընտրությունն իրականացվել է հիմնադրամի խորհրդից և գործադիր մարմնի կազմից ընտրված հատուկ հանձնաժողովի կողմից:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց.
«Անձամբ իմ ու հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բարեգործական համերգի կազմակերպիչներին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և C-Squared ընկերությանը, համերգի հովանավոր Մարտին Սթար ընկերությանը և աջակիցներին՝ ԱյԴի բանկին, Իդրամին, Գուրմէ Դուրմէ ընկերությանը և, իհարկե՛, ամենամեծ շնորհակալությունն եմ հայտնում մեր համերգի հանդիսատեսին, ում գնած տոմսերի շնորհիվ հնարավոր եղավ կրթաթոշակ տրամադրել Արցախցի տաղանդավոր և խոստումնալից շահառուներին»:
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։
Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

