Փաշինյանի ես-ն ու մենք-ը կանխորոշեց Արցախի և Հայաստանի ապագան
Վստահաբար կարող ենք արձանագրել, որ գրեթե ողջ հայությունը և ոչ միայն, նաև դրսից հստակ ցուցումներ տվողներն ու թելադրողները ուղիղ եթերով հետևել են 2018-ի ապրիլի 23-ին կայացած Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը, որը տևեց ավելի քիչ, քան 4 րոպե, և որից մեկ րոպեից ավելին հանդիպման եկած այն ժամանակ ընդդիմադիր գործիչ, «հեղափոխության» առաջնորդ իրեն հռչակած Նիկոլ Փաշինյանը, որը «հեղափոխության» օրերին ամենուր շրջում էր իր ուսապարկով, հենց այդ նույն ուսապարկը հանելու գործընթացը դարձրեց մի ողջ արարողություն, ինչի հետևանքով նա հնարավորություն ընձեռեց ինքն իրեն կանգնել մեջքով Սարգսյանին և լրատվամիջոցներին։
Թվում է՝ փոքրիկ մանրուք է և «հեղափոխության» էյֆորիայի մեջ այն ընկալվեց որպես արհամարհական ժեստ Սարգսյանի նկատմամբ, բայց իրականում դրսի ուժերի կողմից հստակ ուղղորդված այս գործողությունը արհամարհանք էր պետության և ժողովրդի հանդեպ, ինչն այսօր արդեն իսկ ակնհայտ է։
Չնայած իր տևողությանը, հանդիպումը շատ կարևոր և առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագրի վրա։
Եվ այսպես հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը ողջունելով Փաշինյանի արձագանքը երկխոսությանը մասնակցելու կոչերին, ընդգծեց․
«Նախ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ ժուռնալիստների, լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այնուհանդերձ, ուրախ եմ»։
Այս խոսքերին շտապեց հակադարձել Փաշինյանն ասելով․ «Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, որովհետև երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է Ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է, և ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ-անցնցում փոխանցման պայմանները․․․ և դրա համար ես կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել»։
Ի պատասխան Սարգսյանն արձագանքեց․ «Ուրեմն, դա բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, և եթե էդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ընտրեք»։
«Պարոն Սարգսյան, ուրեմն ես ուզում եմ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել (այստեղ Սարգսյանն անկեղծ զարմանում է)։ Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը։ Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ։ Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է։ Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն արդեն անցել է ժողովրդի ձեռքը (իսկ իրականում այս 5 տարիների ընթացքում ՀՀ ժողովուրդը բացարձակապես զրկվել է թե իշխանությունից, թե նույնիսկ իր բնական իրավունքներից)», – ավելացրեց Փաշինյանը։
Եվ ահա այս պոպուլիստական և մանիպուլյատիվ արտահայտությանը արձագանքեց նախագահը՝ ասելով․ «Ժողովրդի անունից 7-8 % տարած խմբակցութունն իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը։ Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ուզում կատարել․․․ ցտեսություն», և դիմելով հավաքված լրագրողներին՝ կոչ արեց ինքնուրույն հետևություններ անել և լքեց դահլիճը։
Փաշինյանը մնալով մենակ՝ շարունակեց․ «Դուք ինքներդ հետևություն կարող եք անել։ Ես ուզում եմ արձանագրել, որ սա ևս մեկ ապացույց է, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին, լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին (կրկնակի ասում է) և ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում, կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդությունների գործողությունները, քաղաքացիական անհնազանդության գործողություններ, և այսօր 19։00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում» (ի դեպ եթե այդ ժամանակ Փաշինյանի համար անհնազանդության դրսևորումները օրինական էին, այսօր արդեն դարձել են անօրինական՝ ոստիկանության բիրտ ուժի կիրառման հնարավորությունով)։
Սղագրությունը ձեզ ներկայացնելիս տողերիս հեղինակը հատուկ ընդգծել է Փաշինյանի կողմից հնչեցրած խոսքերում «ես»-ի և «մենք»-ի կիրառումը, որտեղ Փաշինյանը, որը «հեղափոխության» օրերին իր բոլոր ելույթներում և կոչերում դրսևորում էր միանձնյա որոշում կայացնողի կեցվածք և գրեթե ոչ մեկի հնարավորություն չէր տալիս այդ հարթակում կայանալ, այդ կարևոր հանդիպմանը տասնյակ լրագրողների ներկայությամբ ընդգծում է, որ դիրքորոշումը, որ ներկայացնում է՝ միանձնյա չէ, «որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է Ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է, և ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ անցնցում փոխանցման պայմանները․․․»։ Այս ամենը հերթական անգամ ապացուցում է «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի խոսքերը․
«Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ին, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ։ Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ։ Պատասխանը պարզ է՝ բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։
․․․Այո, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի, բայց ես շատ հստակ ասացի։ Ասեմ, որ այդպիսի ուժեր ամեն տեղ կային, և Արևմուտքում, և Հյուսիսում։ Բայց դա պետությունների մոտեցումները չէին։ Դուք, վստահ եմ, ծանոթ եք և ռուսալեզու, և անգլալեզու հրապարակումների, որոնք այնքան էլ ոչ օբյեկտիվ դիրքերից փորձում էին Հայաստանում կարծիքներ ստեղծել։ Ուրեմն բոլոր տեղերում էլ այդ ուժերը կային»։
Այսօր, երբ հետհայացք ես նետում 2018-ի մի շարք իրադարձություններին և հատկապես վերոնշյալ հանդիպմանը, ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը, հավատարիմ իր գործելաոճին և խոսույթին, այն է՝ իր խոսքում կանխավ ակնարկել այն իրողությունը, որը խնամքով թաքցնում է իր պոպուլիզմի և մանիպուլյացիաների տակ (հոգեբանությունն ունի այս դրսևորման տերմինն ու մեկնաբանությունը), Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հստակ ներկայացնում է, որ իրեն առաջնորդում են ուրիշները, որ այդ ուժերն այնքան մեծ ազդեցության գոտի ունեն, որ «ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել»․․․
Սիրելի ընթերցող, հետևությունները թողնում ենք ձեզ, բայց կարևորն այն է, որ այսօր մենք իրավունք չունենք սխալվելու, քանզի 2018-ի և 2021-ի սխալների հետևանքով այսօր կորցրել ենք մեր պետականություններից մեկը՝ Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ենթարկվել է հերթական ցեղասպանության, և արդեն իսկ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Ադրբեջանի բռնապետի ախորժակը զսպելու մտադրություն չունի Փաշինյանի «մենքը», և ավելին, ստիպում է վերջինիս խոնարհաբար բավարարել այդ ախորժակը՝ անկախ դրա չափերից և հետևանքներից։
Ժաննա Ծառուկյան

