Վուչիչն Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամը», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»

«Սերբիա-Բուլղարիա» գազային փոխկապակցիչը, որով մատակարարվելու է ադրբեջանական գազը, շատ կարևոր է Սերբիայի համար։ Այն հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները և ձեռք բերել դրա արտադրության այլընտրանքային աղբյուրներ։

Այս մասին Սերբիայի Նիս քաղաքում «Սերբիա-Բուլղարիա» գազային փոխկապակցիչի գործարկման արարողությունից հետո լրագրողներին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է interfax.az-ը։

Նրա խոսքով՝ այն թույլ կտա Սերբիային հեղուկ գազ ստանալ վեցից յոթ աղբյուրից:

«Դրանք ներառում են Ալեքսանդրապոլիսի տերմինալը։ Այս ամենն ավելի կամրապնդի Սերբիայի էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանը շարունակում է մնալ Սերբիայի իսկական բարեկամը: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ», – ասել է Սերբիայի նախագահը։

Ընդ որում, Վուչիչն Ալիևին ներկայացրել է որպես «ամենաժողովրդավար տղան»:

«Ես չգիտեմ, թե ինչպես եք դա անում, բայց շնորհավորում եմ», – հավելել է սերբ առաջնորդը։