ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկի գագաթնաժողովից հետո կայցելի Երևան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են՝ կազմակերպության կանոններին և ընթացակարգերին համապատասխան… Որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան», – Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ալեյնիկը։
Նա հավելել է, որ բոլոր որոշումները, որոնք այսօր կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից և վերջնական տեսքի կբերվեն Մինսկում, կփոխանցվեն հայ գործընկերներին։
«Մենք հույս ունենք, որ նրանք կմիանան այդ որոշումներին»,- հավելել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Լուկաշենկոյին հայտնել էր, որ մտադիր չէ մեկնել Մինսկ։ Ավելին, Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության հարցը։ Գագաթնաժողովից առաջ կազմակերպության կազմակերպած միջոցառումներին չեն մասնակցել Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավարներ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Ավելի վաղ Հայաստանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր դեսպանին և նորին չի նշանակել։

