Ավելի քան 620 մլն դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը. ավագանին նոր որոշումներ է կայացրել
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ավագանու նոյեմբերի 22-ի նիստի որոշմամբ, կներգրավվի աուդիտորական ծառայություն: Ընտրությունը կլինի մրցութային կարգով, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջ է:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքի բյուջեն կավելացվի 620 մլն 620 հազ. դրամով, որը կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, մասնավորապես, 32 գնացքի անվազույգերի և 4200 մետր ռելսերի ձեռքբերմանը:
Եվս 93 մլն 141 հազ. դրամ կտրամադրվի հանրակրթական ծրագրերի իրականացմանը:
«Կառավարության որոշմամբ՝ համայնքի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացել են 1 մլն 200 հազ. դրամով: Միջոցները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 8 աշխատակիցների փոխհատուցմանը:
Ավագանու նույն որոշմամբ՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման համար կտրամադրվի 71 մլն 422 hազ. դրամ: Նախագծով նախատեսվում է նաև 33 մլն 21 հազար դրամի չափով եկամուտների ավելացում համայնքային 3 թանգարանների մուտքի համար տեղական վճարներում, ինչը պայմանավորված է կանխատեսվող ցուցանիշներից ավելի գանձմամբ։
Ավագանու՝ ավելի վաղ ընդունած որոշմամբ՝ բացօթյա հանրային վայրերում մշակութային գործունեություն իրականացնելիս բնակելի, հասարակական նշանակության շենք-շինություններից պետք է պահպանվի հեռավորություն. ժամը 10:00-ից մինչ 21:00-ն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23.00-ն՝ 100մ: Ավագանու նոր որոշմամբ՝ այսուհետ կարգավորումները չեն տարածվի նկարիչների և արհեստագործությամբ զբաղվող անհատների վրա՝ հաշվի առնելով, որ նման գործունեությունն աղմուկ չի առաջացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ավագանին անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանվել 20 քաղաքացիների համար, որոնք համապատասխանում են ավագանու դեռևս 2022թ. դեկտեմբերին սահմանված խմբերի չափանիշներին՝
- Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
- Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ,
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք:
Ըստ աղբյուրի՝ ավագանու առանձին որոշումներով՝ քաղաքում կտեղադրվեն հայ բանաստեղծ-մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի, ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեﬓերի ինստիտուտի հիﬓադիր-տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեﬕկոս Ալպիկ Մկրտչյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի և Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները:
Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին:

