Ռուս ռեժիսորի՝ Բաքվում արած աղմկահարույց հայտարարությունից հետո Հայաստանում չեղարկվել է փառատոնի անցկացումը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չեղարկել է «Արտդոկֆեստ» փառատոնի անցկացումը՝ ռուս ռեժիսոր Վիտալի Մանսկու՝ Բաքվում արած սկանդալային գրառումից հետո։
«Արտդոկֆեստ» փառատոնը, որի նախագահը Վիտալի Մանսկին էր, նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 23-26-ը։
Պատճառը, ըստ բուհի հայտարարության այն է, որ «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկին նախօրեին Բաքվի օդանավակայանից լուսանկար է հրապարակել և բուռն ոգևորությամբ գրել, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում:
Մանսկին նշել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «Հաղթանակի օրվանից», որ հիմա եկել է հատուկ նկարելու տոնական մթնոլորտը:
Նշենք, որ «DokuBaku» փառատոնի շրջանակում «Արտդոկֆեստի» տնօրենն այցելել է Ադրբեջան։ Մանսկին, որ հնարավորություն է ունեցել նկարահանել Ղարաբաղյան առաջին պատերազմի սկիզբը, ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չէր կասկածում Ադրբեջանի հաղթանակին։
«Ես գիտեմ, որ բոլորը լցված են երջանկությամբ և հպարտությամբ, որ վերադարձել են ադրբեջանական հողերը։ Ադրբեջանն այնքան հզոր պետություն է, որ ես չէի կասկածում նրա հաղթանակի վրա։ Դա ակնհայտ է։ Ադրբեջանն ու Հայաստանն անհամեմատելի են»,-հայտարարել է նա։
Վիտալի Մանսկին փառատոնի՝ պետական ինստիտուտում չեղարկման որոշումից հետո նոր գրառում է կատարել իր էջում՝ նշելով, որ իրեն զանգել են Երևանից իր ընկերներն ու հայտնել, որ գրառումը Հայաստանում շատերն այնպես չեն ընկալել։
«Ջնջեցի գրառումը։ Եվ փորձեմ հստակություն մտցնել։ Իսկապես, տպավորված բառը կարելի էր կարդալ որպես հավանություն։ Բայց դա նշանակում է, որ այն, ինչ տեսա Բաքվում, ուժեղ զգացմունքային տպավորություն թողեց ինձ վրա։ Իմ տեսածը համոզում է, որ պատերազմը չի ավարտվել՝ չնայած Հաղթանակի օրերին։ Իսկ հարևանությամբ գտնվող Հայաստանի համար ապագան շարունակում է ողբերգական մնալ։ Ես նախատեսում եմ գալ Երևան և շարունակել այս դժվարին զրույցը դեմ առ դեմ մի աշխարհի մասին, որը դատապարտված է պատերազմի։
Ի դեպ, ցուցադրությունների ծրագրում ընդգրկված է Արցախյան պատերազմի մասին պատմող «Նինայի երեխաները» ֆիլմը։ Հուսով եմ, որ այս ֆիլմի քննարկման ժամանակ մենք հնարավորություն կունենանք զրուցելու։
P.S. Բաքվում նկարահանումների վերաբերյալ. Սա դրվագ է հակապատերազմական մեծ ֆիլմի համար, որը նկարահանվում է աշխարհի տարբեր երկրներում։ Ադրբեջանի իշխանությունները մեզ չեն հրավիրել, ոչինչ չեն վճարել, և մենք զգալի դժվարությամբ նկարահանել ենք դա»,-նշել է նա։
Գրառման ներքո հայ օգտատերերից մեկը հիշեցրել է Բաքվի հաղթանակի մասին հայտարարությունը, ինչին ի պատասխան ռուս ռեժիսորը նշել է. «Ես հիմա էլ եմ պատրաստ դա ասել։ Նավթադոլարներով լցված և Թուրքիայի կողմից աջակցվող պետությունը, իհարկե, ռազմական առումով ավելի ուժեղ է, քան Հայաստանը, որին Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, միայնակ է թողել իր թշնամու հետ։ Թե՞ Հայաստանում ինչ-որ մեկն այլ կերպ է մտածում»։

