Մեզ պահում էինք հաղթածի պես՝ արժանապատիվ, հպարտ, ծանրակշիռ, ոչ թե քայլում պարտված Ադրբեջանի դրոշի վրայով
Քոչվոր Ադրբեջանը նոյեմբերի 8-ին իրենց կողմից ժամանակավորապես օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացրեց ռազմական շքերթ։ Ինչպես նշում էին ադրբեջանական տարբեր թելեգրամյան էջեր և լրատվական կայքեր, նրանք լրջորեն պատրաստվել էին այդ օրվան՝ աշխարհին ի ցույց դնելով իրենց «ուժը», «նվաճումները», «հաղթանակը», բայց իրականում ողջ աշխարհը գիտի, ավելին՝ դրա լուռ ականատեսն է եղել, թե ինչ գնով նրանք հասան այդ «հաղթանակին»․ ցեղասպանելով Արցախի Հանրապետության բնակչությանը, գրեթե մի տարի շրջափակման մեջ թողնելով 120 հազար մարդու՝ զրկելով նրանց տարրական կենսապայմաններից, պարբերաբար սադրանքեր հրահրելով, մարդկանց ապօրինի գերեվարելով իրենց հայրենի բնօրրանից, Պաշտպանության բանակին բառիս ուղիղ իմաստով սպառնալիքի ներքո զինաթափ անելով, Արցախի բնիկ հայությանը վտարելով իրենց պատմական, բազմադարյա հայրենիքից։
Թվում էր թե այսքանից հետո, ավելի սանձարձակ պահվածք չի կարող թույլ տալ թշնամին, քանի որ իր ցանկացած ամենահամեղ կտորները ստացավ, սակայն ադրբեջանական քարոզչամեքենան այսքանով չի սահմանափակվում և շարունակում են ասպարեզ նետել ու շրջանառել մեկ այլ թեզ՝ նոյեմբերի 6-ին Բաքվում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարում է, թե՝ Երևան, «Զանգեզուր», «Գյոյչա» իրենց վերադարձը կարող է կարճ ժամանակահատվածում իրականություն դառնալ, և հռետորական հարց հնչեցնում, թե երբ Փաշինյանը դիմում է Ադրբեջանին հետ ընդունել Արցախի հայերին, Հայաստանը պատրա՞ստ է «արևմտյան ադրբեջանցիներին» կոչ անել վերադառնալ Երևան, «Գյոյչա»։ Իհարկե սա նոր տարածքային պահանջ չէ թշնամու կողմից, բայց փաստն այն է, որ Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը ժամանակավորապես օկուպացնելուց հետո էլ նոր տարածքային զիջում են պահանջում արդեն երբեմնի ինքնիշխան պետություն Հայաստանից։ Իսկ ցավն այն է, որ Հայաստանը դեմ չէ դրան, ավելին՝ նրանք են հուշում թշնամուն, թե հատկապես որ տարածքը կարող է նրանց համար պիտանի լինել, այն է՝ 8 գյուղեր, որոնք Փաշինյանը բանավոր հայտարարում է, թե պատրաստ է թշնամուն «վերադարձնել իրենց հողերը» և Հայաստանը փաստացի դարձնել անկլավ։
Ստացվում է՝ Ադրբեջանին հանձնելով 8 գյուղերը, Հայաստանը կվերածվի անկլավի, և այս ամենը շատ շուտով կարող է իրականություն դառնալ, եթե․․․
Սրանք հակառակորդի պահանջներն են, իսկ ո՞րն է մեր պահանջը, իհարկե չկա, իսկ եթե որոշ տեղանուններ նշվում է, որ պետք է վերադարձվի Հայաստանին, ապա դա հակառակորդի կողմից կտրուկ մերժվում է, մեր կողմը, քանի որ պարտված է, անդադար ենթարկվում է թշնամու պահանջներին և գնում միակողմանի զիջումների։
Սակայն այլ էր իրավիճակը 5 տարի առաջ․ մենք էինք հաղթողի դերում, մենք էինք թելադրում խաղի կանոնները, մեզ հետ հաշվի էին նստում, մեզ պահում էինք իսկական հաղթածի պես՝ արժանապատիվ, հպարտ, ծանրակշիռ, ոչ թե Ալիևի նման քայլում պարտված Ադրբեջանի դրոշի վրայով՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ քոչվոր ազգը իրավունք չունի պետություն ունենալու։
Ի վերջո, հաղթանակն էլ պիտի արժանապատիվ կրես, պարտությունն էլ, և ոչ մի հաղթանակ ու պարտություն հավերժ չէ, հայ ազգի վերհառնման օրը հեռու չէ, կարևորը մեր պատմական հայրենիք՝ Արևմտյան Հայաստան, Արցախ վերադառնալու պահանջից երբե՛ք չպետք է հրաժարվենք՝ այն դարձնելով հայ ազգի գլխավոր օրակարգ և գաղափարախոսություն։
Լուսինե Այրապետյան

