Հայաստանը «Միջին միջանցք» նախագծում կարող է կարևոր գործընկեր դառնալ. Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան

Հայաստանը կարող է Ադրբեջանի կարևոր գործընկերը դառնալ «Միջին միջանցք» նախագծում: Այս մասին հայտարարել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը` Հաագայում «Միջին միջանցք՝ նոր հորիզոն Եվրոպայի համար» (Middle Corridor – New Horizon for Europe) թեմայով համաժողովում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իր ելույթում ադրբեջանցի դիվանագետը համաժողովի մասնակիցներին տեղեկացրել է այս նախագծի նկատմամբ պաշտոնական Բաքվի դիրքորոշման և ակնկալիքների մասին ՝ ասելով, որ դրա կարևորագույն արդյունքը կլինի ոչ միայն Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների ավելի արդյունավետ փոխադրումը, այլև. ծրագրի ողջ ճանապարհով ներտարածաշրջանային համագործակցության ակտիվացումը։

Նա նաև նշել է, որ «Միջին միջանցք» ծրագրի հաջող իրականացումը «խթան կհաղորդի Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը»։

«Այդ համատեքստում դեսպանը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանն այս նախագծի իրականացման գործում Ադրբեջանի և Վրաստանի համար կարող է կարևոր գործընկեր դառնալ», – գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Հաագայում անցկացված համաժողովը համատեղ կազմակերպել են Նիդեռլանդներում Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի և Թուրքիայի դեսպանությունները։