ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշագրավ բացահայտումները՝ Իրանում 1953-ի հեղաշրջման մասին
ԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել՝ առաջաին անգամ խոստովանելով իր դերը 1953 թվականին Իրանում պետական հեղաշրջման կազմակերպման մեջ:
Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Իրանի վարչապետ Մոհամմադ Մոսադեղը (Time ամսագիրը նրան անվանել է տարվա մարդ՝ 1951 թվականին) հեռացվել է իշխանությունից այն բանից հետո, երբ հայտարարել Է երկրի նավթարդյունաբերությունն ազգայնացնելու իր ծրագրերի մասին:
Նավթային արդյունաբերության ազգայնացում
Մոսադեղը 1951 թվականին հաղթում է ընտրություններում, որից հետո Իրանում տեղի է ունենում նավթային արդյունաբերության ազգայնացումը, որը մինչ այդ վերահսկում էր բրիտանական Անգլո-պարսկական նավթային ընկերությունը (հետագայում դարձավ British Petroleum` BP):
Ազգայնացումը լուրջ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում և Բրիտանիայում, որոնք իրանական նավթը դիտարկում էին որպես կարևոր ռեսուրս տնտեսությունը վերականգնելու համար, որը մեծապես տուժել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ բրիտանական ՄԻ-6-ի հետախուզությունն այն ժամանակ սերտորեն համագործակցում էր ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:
Զայրացած բրիտանացիները օգնության խնդրանքով դիմում են Միացյալ Նահանգներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրենց դաշնակցին: Այնուամենայնիվ, երկու պետություններն էլ մտավախություն ունեին, որ ռազմական հաշվեհարդարը կհրահրի Խորհրդային Միությանը հանդես գալ Իրանի անունից։
ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերից մեկի քաղվածքում ասվում է, որ Իրանում ռազմական հեղաշրջումն իրականացվել է ԿՀՎ-ի ղեկավարությամբ: ԿՀՎ-ում գործողությունն ստացել է «Այաքս» անվանումը (Operation Ajax):
Այդ ժամանակ Վաշինգտոնը Իրան է ուղարկում ԿՀՎ գործակալ Քերմիտ Ռուզվելտին (Թեոդոր Ռուզվելտի՝ ԱՄՆ 26-րդ նախագահի թոռանը): Նա կատարում է իր առաջադրանքը՝ մարդկանց իր կողմը դիրքավորելով՝ թե՛ կաշառքով, թե՛ սպառնալիքներով։ Հետո նրա դրդմամբ փողոցային անկարգություններ ու ցույցեր են կազմակերպվում, որոնք տպավորություն են ստեղծում, թե Մոսադեղը ոչ ժողովրդական և ոչ հարմար առաջնորդ է։
ԿՀՎ-ն և ՄԻ-6-ը աջակցում էին փախած շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կողմնակիցներին և բողոքի ակցիաներ էին կազմակերպում Մոսադեղի քաղաքականության դեմ: Ի վերջո բանակն անցնում է ցուցարարների կողմը, և մինչև 1953 թվականի օգոստոսի 19-ը Մոսադեղի կառավարության բոլոր անդամները կամ փախչում են երկրից, կամ ձերբակալվում։
Կյանքի մնացած մասը Մոհամմադ Մոսադեղը անցկացնում է տնային կալանքի տակ։ Ամերիկամետ շահ Մոհամմադ Ռեզան դառնում է միանձնյա առաջնորդ։
Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին վերադառնում է Իրան և դառնում է ԱՄՆ-ի դաշնակիցը մինչև իր տապալումը՝ 1979 թվականին, Իսլամական հեղափոխության արդյունքում:
Հատված ԿՀՎ-ի արխիվային փաստաթղթերից
«Իրանը հայտնվեց երկաթե վարագույրի հետևում հայտնվելու իրական վտանգի առաջ: Եթե դա տեղի ունենար, դա կնշանակեր հաղթանակ ԽՍՀՄ-ի համար և հզոր հարված կլիներ Արևմուտքի դիրքերին Մերձավոր Արևելքում»,- բացատրում է փաստաթղթերից մեկի հեղինակ Դոնալդ Ուիլբերը։
«Ոչինչ, բացի ստորև ներկայացված գաղտնի գործողությունների ծրագրից, չի կարող շտկել առկա իրավիճակը»,- ասվում է փաստաթղթերից մեկում:
Մոսադեղի տապալման մեջ ամերիկյան և բրիտանական մասնակցության մասին վաղուց հայտնի էր հանրությանը, սակայն այսօրվա հրապարակումը ներառում է ԿՀՎ-ի, հավանաբար, առաջին պաշտոնական խոստովանությունը, որ օգնել է պլանավորել և իրականացնել հեղաշրջումը:
Նյութի թարգմանությունը և պատրաստումը՝ LIVEnews.am-ի

