Թուրքիան ևս երկու տարով պաշտոնապես երկարաձգեց Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը
Թուրքիայի մեջլիսի որոշումը՝ Իրաք և Սիրիա զինվորներ ուղարկելու թույլտվության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին, հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում (Resmi gazete), փոխանցում է «Էրմանիհաբեր»-ը։
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով։
Ըստ հուշագրի՝ Թուրքիայի հարավային, ցամաքային սահմաններում ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։ Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան Իրաքի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և կայունության պահպանմանը։
Հուշագրում նշված է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման տարրերի՝ Իրաքում շարունակական գոյությունը, էթնիկ հիմքերով անջատողականության նախաձեռնությունները ուղիղ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության, կայունության և Թուրքիայի անվտանգության համար։

