Ակցիայի 98 մասնակից բերման է ենթարկվել․ Ոստիկանություն
Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 98 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։
Ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի 98 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն:
Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են իրականացվել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի համապատկերին Երևանում լայնածավալ ցույցեր են սկսվել։ Մարդիկ պահանջում են պատասխան ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար, Նիկոլ Փաշինյանի հրաժարական։
Երևանի տարբեր բուհեր դասադուլներ են արել։
Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու անուն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

