Մենք Ադրբեջանի գործողությունների մասին ՌԴ մեր գործընկերների կողմից որևէ տեղեկատվություն չենք ստացել. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ԼՂ-ի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը և նաև որոշ ժամանակ անց սկսել են գործողություն ԼՂ շփման գիծը խախտելու և ԼՂ-ում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն, նաև բնակավայրեր հսկողության տակ առնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես, նշել է. «ԼՂ-ի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Ընդհանուր տեղեկությունը՝ դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ ԼՂ-ի:

Այս ընթացքում Ադրբեջանը նաև տեղեկատվական ուղեկցում է իրականացնում գործողությունների և նաև մեզ համար տարակուսելի էր տեղեկությունը՝, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի տեղեկատվությունն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերների կողմից որևէ տեղեկատվություն չենք ստացել:

Իհարկե, ասել, որ սա անկանխատեսելի էր, չի կարելի: Մենք տեսնում էինք իրադրության լարումը և այսօր ԱԳՆ հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր: Եվ դա արդարացվեց»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ իրենք անմիջապես ԱԽ ընդլայնված նիստ են հրավիրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ և քննարկել ենք իրադրությունը: