Աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող տարածքներ, բայց ոչ գլխավոր շենքը. ԵՊԲՀ պարզաբանումը

«Համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող շենքերը, վերաբերում էր ոչ թե բուհի Կենտրոնական` գմբեթով մասնաշենքին, այլ Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին, որը տրված էր ԵՊԲՀ-ին, սակայն շենքը ծայրահեղ վթարային էր և ուներ վերակառուցման կարիք»,-հայտնում են ԵՊԲՀ աշխատակազմից՝ նշելով, որ տարածված տեղեկատվությանը թյուրիմացաբար կցվել էին ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքի լուսանկարները, մինչդեռ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:

«Կառավարության նիստի ընթացքում երեկ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում էր Երևանի, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող գույքին, որը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել»,-նշում են ԵՊԲՀ-ից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին,  որ  տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:
«Իրականում Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին:

Գույքը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել: ​

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում»,-նշել էին նախարարությունից։