Կոչ ենք անում պաշտոնական Բաքվին` զերծ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարության ուղարկած հումանիտար բեռը` 19 ավտոմեքենայով, դեռ Կոռնիձորում է արդեն 16 օր։

Փաշինյանի գնահատմամբ՝ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելափակելը չի տրվում ոչ մի բացատրության։

«Կարծում եմ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը ապահովելու մասին։

Ուշադրության արժանի է այն փաստը, որ միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը:

Հիշում եք, որ հուլիսի 6-ի որոշումից հետո Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե այդ որոշմամբ Արդարդատության միջազգային դատարանն արձանագրել է՝ փետրվարի 22-ի որոշումը կատարված է և դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Մինչդեռ սևով սպիտակի վրա բոլորովին այլ բան էր գրված: Ես անձամբ այդ որոշումը կարդացել եմ, բայց Ադրբեջանը շարունակում էր այդ մեկնաբանությունները ու շատ կարևոր է, որ միջազգային գործընկերները արձանագրեցին Լաչինի միջանցքի հետ կապված իրենց վերաբերմունքը։

Առավել ևս այս պայմաններում պիտի արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: