Անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան՝ պայմանով

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները մոտ մեկ ժամ փակ էին պահել Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը:

Ոստիկանության ներկայացուցիչները հորդորում էին ծնողներին՝ բացել խաչմերուկը, փոխարենը խոստանալով ճշտել Փաշինյանի մոտ ընդունելության օրն ու ժամը:

«Ինքը սրանից կարևոր գործ ու հարց ունի՞, կարողանում է ժամանակ գտնի բարձրանա ավտոբուս, ասի՝ հով է, իսկ մենք ծնողներով հիմա արևի տակ ենք: Կովերին կարող է գնա տեսնի… թող մեզ ել տեսնի»,-հայտարարեց անհայտ կորած զինծառայողի մայրը՝ Կարինե Մանավազյանը:

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից խոստացան մեկ շաբաթվա ընթացքում ընդունելություն կազմակերպել ծնողների հետ, որից հետո նրանք բացեցին ճանապարհը և հայտարարեցին, որ եթե խոստումը չպահեն, ապա ավելի լուրջ քայլերի կդիմեն և ինչպես բերել են, այնպես ել կհեռացնեն Փաշինյանին:

«Եթե մեզ 1 շաբաթվա ընթացքում չընդունեն, մենք այլևս ոչ մի կոմպրոմիսի չենք գնա, կփակենք ճանապարհը և էլ չենք բացի»,–ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։