Երևանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. ԼՂ հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխում է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը։
Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինի Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ փաթեթի խստիվ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր մտադրությունը։
Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար։
Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։
Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել Ղարաբաղի հայության՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար։
Մենք խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու երկու ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

