ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ. օրվա պահանջն ու հրամայականն է
Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար հատուկ գործելաոճ է դարձել ոչ միայն մեր ժողովրդին պարբերաբար աղետի հասցնելը, երկիրը մաս-մաս թշնամուն հանձնելը, այլև՝ քաղաքական հետապնդումներ ձեռնարկելն ու դրանք քողարկելը այլևայլ անպատիվ շանտաժներով, մեծ ու մանր բամբասանքներով՝ իջնելով մինչև շուկայական կնոջ մակարդակի, երկիրը ներսից ու դրսից էլ ավելի թուլացնելով, թշնամու համար դարձնելով առավել խոցելի և նպաստավոր թիրախ:
Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Այս մասին են խոսում երկրով մեկ ծավալված հազարավոր մարդկանց, երիտասարդների բուռն քննարկումներն ու բողոքները, որոնք հանգամանորեն ներկայացված են քաղբանտարկյալի գործը քննող հանձնաժողովին:
Հանրությունը հիրավի վրդովված է, մարդիկ ապրում են մղձավանջի մեջ, վախի ու անորոշության մթնոլորտում, թե վաղն իրենցից ով է լինելու հերթական դատապարտյալը, որ կկանգնի քրեական հոդվածով, իրականում՝ հանրային վայրերում, միտինգներում կամ սոցցանցերում իրենց ազատ միտքն արտահայտելու համար:
Սա ոչ միայն պատիվ չի բերում ժողովրդավարական երկրին, ինչն ամբողջությամբ կեղծիք է, նաև՝ մեծ չափով վտանգում է հենց վարչապետի հեղինակությունը, անունն ու վարկանիշը, ինչն առանց այն էլ երկու-երեք տարում՝ իր սիրելի զրոյական կետին է հավասարեցված:
Ժողովրդի աննպաստ կարծիքից ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փախուստ տա, փորձի չնկատել ժողովրդական ներքին ընդվզումները և դժգոհության ալիքները, միևնույն է, այն կա և օր-օրի ավելի է ահագնանում և մեծ ծավալների հասնում, ինչպես՝ ուսանողության, երիտասարդության, այնպես էլ՝ հանրության, զոհվածների և գերիների, քաղբանտարկյալների հարազատության ու ծնողների, բազմահազար համակիրների շրջանում:
Հասարակությունը չի կարող չնկատել և սոցցանցերում քննարկումների առարկա չդարձնել այն փաստը, ինչը տիրում է այսօր. անպաշտպան սահմաններ, ցաքուցրիվ, բարոյապես և հոգեպես անկում ապրող, իրենց հատուկ՝ մարտական ոգին ու արժանապատվությունը կորցրած զինվորներ և զինծառայողներ, իշխանության կողմից անտարբերության և դաժան քամահրանքի մատնված գերիներ, զինվորի համար հաց տանող և մեր տարածքում վխտացող թշնամու կողմից առևանգվող, քաղաքական ենթատեքստով դատվող զինծառայողներ, որոնց դատն այս օրերին, ճակատագրի հեգնանքով անց է կացվում եղեռնագործ Սումգայիթում… և այս ամենի կողքին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալում և կալանքներ, այս ամենի ֆոնին՝ վարչապետի ու նրա ընտանիքի ուրախ և անհոգ առօրյան՝ բանջարաբոստանային թեմաներով:
Երկիրն իրականում խորը ճգնաժամ է թևակոխել, Արցախը շարունակում է մնալ հումանիտար աղետի ու շրջափակման մեջ, թշնամին օր-օրի ախորժակն է մեծացնում, տարածքային պահանջներ ներկայացնում, ցինիկորեն սպառնում նոր պատերազմով և ողջ Հայաստանի գրավմամբ՝ օգտվելով իշխանություն զավթածների բարձիթողության և խախուտ վիճակից, վարչապետի ապաշնորհությունից ու սեփական երկրի դեմ տարվող հակահայ քաղաքականությունից:
Մինչդեռ, ի՞նչով է զբաղված երկրի վարչապետը. նա ընդամենը սեղանին դրված փաստերն է արձագանքում էժանագին և անպատասխանատու ասմունքի պես՝ առանց իրական արդյունք, առանց՝ լուրջ և համապարփակ գնահատականի և կոնկրետ միջոցների ձեռնարկման, ինչին սպասում է ժողովուրդը և ամեն անգամ՝ նրա սնամեջ խոսքից հետո դաժան ֆիասկո ապրում:
Ահա, թե ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը՝ կալանավայրերը լցնելով խոսող և մտածող, ժողովրդի աչքերը բացող քաղբանտարկյաներով, ովքեր փոքր ի շատե՝ իրենց սահմանափակ հնարավորությունների մաքսիմալով կարող էին նպաստել նրա արատավոր և երկրաքանդ գործունեության մերկացմանն ու երկրին հուզող խնդիրների լուծմանը:
Այլևս միանշանակ է. Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները քաղաքական հետապնդումների զոհ են՝ ապօրինի զրկված ազատությունից:
Ժողովրդի համբերության բաժակը պռնկե-պռունկ այլևս լցված է, մարդիկ տեսնում, սեփական մաշկի վրա զգում են, որ իշխանություն զավթած մի խումբ ելուզակներ երկիրը տանում են կործանման, մաս-մաս հանձնման, իրենց զավակներին՝ առկա մահվան, չգիտես՝ միտումնավո՞ր, թե բնատուր ապաշնորհության պատճառով:
Ամենայն հավանականությամբ՝ առաջինը, այդ հավաստի տպավորությունն է ամրագրվել հասարակության լայն շերտերում:
Ամեն ինչ այլևս վեր է ածվել թատրոնի ու բեմականացման, դարձել ենք ուրվանկարային և իմիտացիայի երկիր, մարդիկ չեն հավատում ոչ միայն ապագային, նաև ներկային, այն ամենին, ինչ կատարվում է իրենց աչքի առաջ:
Մարդիկ սկսել են չհավատալ նաև էսկալացիաներին՝ դրանք համարելով բեմադրություններ՝ լավագույն և հզոր, ասես հանուրից ջոկված զինծառայողների ողբերգական մարտիրոսությամբ:
Ինչպես քաղաքական դաշտում, ինչպես քաղաքացիական խավերի մեջ, բանակն էլ, ասես, հետևողականորեն զտվում է իր քաջերից, այստեղ էլ, կարծես, չար ու միտումնավոր ձեռքով սրբագրումներ են տարվում:
Անհովիվ հոտի պես ազգը որբացել է, որբացել է բանակը, որբացել են կրթությունն ու մշակույթը, որբացել է փքուն թվերով ուռճացված տնտեսությունը, որբացել են թշնամու թիրախում հայտնված մեր երբեմնի խաղաղ գյուղերն ու քաղաքները, որբացել է փաշինյանական խունտային միակ դիմագրավող ընդդիմադիր դաշտը՝ օրավուր զրկվելով քաղաքական գործիչների աչառու և գրագետ աչքից ու խոսքից, նրանց բարձրաձայն աղաղակներից, որ թագավորդ մերկ է, ժողովուրդ, երկիրդ՝ ծայրահեղ վտանգված, ազգը՝ նոր ցեղասպանության եզրին հասցված. արթնացե՛ք:
Առանց չափազանցության, որբացել է ողջ Հայոց աշխարհը:
Նա որբ է և՝ ավերների վերածված, որոնց վրա Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան ու թիմային խրախճանքներն է տոնում՝ առանձնակի սադիստական հաճույք ստանալով տնավեր հայության տառապանքներից, զրկանքներից, ժողովրդի ցավից ու արցունքից:
Եվ այս ամենին հավելյալ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող այս ոչ հարգելի անձնավորությունը դեռ կարող է Ազգային ժողովում անմեղ ու անմեղսունակ դեմքով կանգնել ու երեսպաշտորեն հայտարարել, թե ինքը պատրաստ է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ գնալ երկխոսության, լսել նրանց կարծիքը, ինչն առնվազն ձեռք առնելու պես է, ցինիկության աստիճանի մերկապարանոց սուտ:
Նա համառորեն ու ջանասիրաբար չեզոքացնում է բոլոր այն ընդդիմադիրներին, քաղաքական ուժերին, ովքեր համարձակվում են բացել նրա դիմակը՝ յուրաքանչյուր կեղծ ու կոդավորված խոսքից հետո և իր մասին ճշմարտությունն ասել ժողովրդին:
Ահա, թե ինչու է օդ ու ջրի պես անհրաժեշտ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակվելը:
Ազատություն Արմեն Աշոտյանին և մեր մյուս քաղբանտարկյալներին. օրվա պահանջն ու հրամայականն է:
Անդրեաս Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

