Մովսես Հակոբյանն է ռեկոմենդացիան տվել, որ 7-րդ պաշտպանական շրջանը րոպե առաջ պետք է լրիվ էվակուացվի. Փաշինյան

Հոկտեմբերի 3-ին եկավ տեղեկատվություն, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն զորքերը ամբողջությամբ դուրս բերել: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ և ասացի՝ որքանո՞վ է ճիշտ, որ նման որոշում կա: Ինձ ասացին, որ իսկապես նման որոշում կա:

ԼՂ նախագահի հետ խոսեցի, հետո նաև ՊԲ հրամանատարի հետ: Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է: Ասացի՝ ո՞վ է արել այդ վերլուծությունը, և ով է կայացրել որոշումը, և ինձ ասվեց, որ Մովսես Գրանտիչն (Մովսես Հակոբյան,- խմբ) է այդ ռեկոմենդացիան տվել: Ես ասացի՝ մի րոպե, նախ, Մովսես Հակոբյանն ի՞նչ գործ ունի այդտեղ, դա իր աշխատավայրը չէ:

Ես Արցախի նախագահի հետ խորհրդակցելով, և ի պատիվ նրա, ինքը որոշում կայացրեց և մի խմբով գնաց իրադրությունը տեղում գնահատելու:

Այնտեղ գնահատականն այն էր, որ եթե մեր զորքը չհեռանա, ամբողջությամբ հայտնվելու է շրջափակման մեջ, Մովսես Գրանտիչը ասում է՝ րոպե  առաջ պետք է 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել:

Ի պատիվ ԼՂ նախագահի, նա գնաց, տեղում գնահատեց իրավիճակը, և այդ տարածքն այսօր  հայկական վերահսկողության ներքո է»,-ասաց նա:

Փաշինյանը նաև ընդգծեց. «Արեգասարը ևս այդ տարածքում է: Արեգասար բարձունքի հետ կապված դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք տեղում կողմնորոշվում են, հակագրոհով հետ են վերցնում, և մեր գեներալներից մեկն ասում է՝ իջեցրեք զորքն այնտեղից; Սրանով քրեական գործ կա,  որն արդեն դատարանում է»: