Հրավառություններ կթույլատրվեն բացառապես պետական կամ հանրային նշանակության տոնական միջոցառումների ժամանակ
Հրավառությունները Հայաստանում կիրականացվեն բացառապես պետական կամ հանրային նշանակության տոնական միջոցառումների ժամանակ։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Արտոնագրման մասին» օրենքում և կից օրենքներում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 21-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Խորհրդարանականի խոսքով՝ հրավառության միջոցների օգտագործումը, ներմուծումը և վաճառքը կթույլատրվեն բացառապես միայն արտոնագրված կազմակերպություններին։ Կենցաղային ճայթռուկների (բենգալյան կրակներ, ոչ մեծ վառվող կրակներ տորթերի համար) ձեռքբերումը խստորեն կսահմանափակվի։ «Մենք որոշել ենք խստացնել վերահսկողությունը։ Պիրոտեխնիկայի վաճառքը անչափահասներին կարգելվի»,- նշել է Գաբրիելյանը։
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

