Նիկոլը՝ ադրբեջանանպաստ թեզերի տարածող

Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից բացահայտեց ալիևյան կեղծիքը

Արցախի հարցը ադրբեջանանպաստ լուծելու և իր դավաճանական ծրագրերը թաքցնելու նպատակով, Փաշինյանը շրջանառության մեջ դրեց մի շարք կեղծ թեզեր: 44-օրյա պատերազմից հետո նրա կողմից շրջանառված կեղծիքն այն էր, թե նախկիններ են Արցախը հանձնել Ադրբեջանին ու գցել իր «գրպանը»: Հասարակության գիտակից շրջանակների համար, սա, իհարկե, ծիծաղելի է: Բայց քանի որ Նիկոլի հույսը եղել է ու հիմա էլ է հանրային տգիտությունը` կեղծ թեզն աշխատեց: Ամենևին մեր ժողովրդին մեղադրելու նպատակ չունեմ, հասարակ մարդիկ պարտավոր չեն տեղեկացված լինել Արցախյան բանակցային գործընթացի նրբություններին, ծանոթ լինել փաստաթղթերի բովանդակությանը: Նիկոլը դա լավ է հասկանում: Դրա համար էլ 4 տարի շարունակ` առ այսօր, իրեն թույլ է տալիս ցանկացած հիմարություն բարձրաձայնել ու մարսել:

Այսինքն` հանցագործը ժողովրդին խաբողն ու մանիպուլացնողն է:

Արցախի հանձնման մեջ նախկիններին մեղադրելու ցնդաբանությունը հիմնավորելու նպատակով, Փաշինյանը մեջտեղ բերեց փաստաթղթեր, որոնք անցած 30 տարիներին երբևէ չեն եղել արցախյան բանակցությունների սեղանին: Սա, իհարկե, Նիկոլի մտքի թռիչքը չէ, համոզված եմ՝ նրան դրսից` Ադրբեջան, Թուրքիա, Արևմուտք, թելադրվում է այս ամենը: Այդ փաստաթղթերից է, օրինակ, 1991 թվականին ՀՀ կողմից ստորագրված Ալմա-Աթայի հռչակագիրը: Սա անգամ Ադրբեջանը նախկինում չի օգտագործել իբրև հաղթաթուղթ` արցախյան հարցն ի շահ իրեն լուծելու համար: Փոխարենը, Փաշինյանն այն մատուցեց Ալիևին: Վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ նա հայտարարեց, թե ՀՀ նախկին իշխանությունները դեռ 1991-ին են ճանաչել Ադրբեջանի տարածքայի ամբողջականությունը: Անտեսեց այն կարևոր հանգամանքը, որ Ալմա-Աթայի փաստաթուղթը հայկական կողմը ստորագրել է վերապահումով, ու այդ վերապահումը վերաբերում էր հենց Արցախին: Փաշինյանն այս մասին լռում է, լռում են նրա կամակատար քպ-ականները`շարունակելով թիրախավորել ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Ի դեպ, «մոռանալով», որ հիշյալ հռչակագիրը ստորագրվել է 1991-ի, երբ իշխանության ղեկին իր գաղափարական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Իսկ այսօր Փաշինյան Նիկոլի թեթև ձեռքով արցախյան խնդրի հետ առնչություն չունեցող Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել է արևմտյան տարբեր քաղաքներում` Պրահայից մինչև Բրյուսել ու Վաշինգտոն, ընթացող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավոմանն ուղղված բանակցությունների հիմք փաստաթուղթը:

Փաշինյանի կողմից ի շահ Ադրբեջանի մեկնաբանվող մյուս փաստաթուղթը1993-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերն են ( 822, 853, 874 և 884): Իսկ ինչի՞ մասին են ՄԱԿ-ի ԱԽ այդ 4 բանաձևերը։

Հիշեցնեմ, որ դրանք ընդունվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողությունների ամենաակտիվ փուլում՝ 1993-ի ապրիլից նոյեմբեր ամիսներին, կոնկրետ իրավիճակում` կոնկրետ նպատակով: Արցախի հարցով 1993-ին ՄԱԿ ԱԽ ընդունած 4 բանաձևերի հիմնական պահանջն էր` վերջ դնել ռազմական և թշնամական գործողություններին և ձեռնամուխ լինել քաղաքական երկխոսության: Սակայն Ադրբեջանն ի սկզբանե անտեսեց 4 բանաձևերի հիմնական պահանջը` ուժի չկիրառումը, շարունակելով ռմբակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանն չկատարեց նաև բանաձևերում արձանագրված մյուս պահանջները.

  • ՄԱԿ-ը կոչ էր անում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ` «շարունակել բանակցությունները կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով»: Սակայն Բաքուն հակադրվեց ՄԱԿ Ախ-ի այս պահանջին․ 1993 թ. հոկտեմբերից դադարեցրեց երկկողմ ուղիղ շփումները Լեռնային Ղարաբաղի հետ, իսկ 1997 թ. ապրիլին հրաժարվեց Ադրբեջան-Հայաստան-ԼՂՀ ձևաչափով եռակողմ բանակցություններից։ Միաժամանակ թշնամանք քարոզելով Արցախի ու Հայաստանի հանդեպ:
  • «Տարածաշրջանում վերականգնել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը»: Հակամարտության սկզբիցևեթ Ադրբեջանը շրջափակեց և Լեռնային Ղարաբաղը, և Հայաստանը:
  • «Ապահովել մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել իրականացում»։ Ադրբեջանը մշտապես խախտել է ՄԱԿ-ի մարդասիրական նորմերը` դաժան վերաբերմունք ցուցաբերելով գերեվարված հայ զինծառայողների, խաղաղ բնակիչների հանդեպ: Ադրբեջանը խոչընդոտում էր փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով մասնագիտացված միջազգային կազմակերպությունների այցերը Լեռնային Ղարաբաղ՝ հանրապետությունում բնակվող Ադրբեջանից հայ փախստականներին և ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու համար:

ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերը մշտապես եղել են Ադրբեջանի իշխանության թիվ մեկ կեղծ կռվանը․ նրանք խեղաթյուրում էին բանաձևերի բովանդակությունը և օգտագործում Հայաստանի դեմ։ Ալիևն այս փաստաթղթերին վերաբերում էր ընտրողաբար` կտրում էր բուն բովանդակությունից ու շրջանառում միայն այն հատվածները, որոնք բխում էին Ադրբեջանի շահերից: Փոխարենը` շրջանցվում էին բանաձևերում տեղ գտած բոլոր կարևոր փաստարկները: Ադրբեջանը մշտապես լռել է այն մասին, որ 4 բանաձևերից մեկի՝ 874-ի հիմքում՝ ընկած է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության երեք կողմերից մեկը ճանաչելու մասին դրույթը։ Սա նշանակում էր, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում որպես հակամարտության կողմ նշվում էին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը։

Մյուս կարևոր փաստարկն այն է, որ 4 բանաձևերից և ոչ մեկում Հայաստանը չի ճանաչվել որպես հակամարտող կողմ: ՄԱԿ 4 բանաձևերը ՀՀ-ին ուղղել են միայն մեկ կոչ` շարունակել ազդեցություն գործել ԼՂ հայության վրա` հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է:

Բաքուն այս բանաձևերը մեկնաբանում էր իբրև Արցախյան հիմնախնդրի կարգավորման նախապայման, այն դեպքում, երբ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդի 4 բանաձևերը Արցախի կարգավիճակի հետ ոչ մի առնչություն չունեն: ՄԱԿ-ը երբևէ չի անդրադարձել արցախյան խնդրի քաղաքական կարգավորմանը: Ինչպես ասացինք, 1993-ին այդ բանաձևերի ընդունման նպատակը եղել է կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը, դա էր պատճառը, որ 1994-ին եռակողմ անժամկետ պայմանագրի կնքումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբևէ չի անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։

Նախկին ՀՀ նախագահներից միայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, որ ՄԱԿ-ի ամբիոնից մանրամասնորեն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին` ներկայացնելով Բաքվի կեղծիքը, խեղաթյուրումները, բանաձևերը ընտրողաբար մեկնաբանելու Ադրբեջանի իշխանության ապակառուցողական քաղաքականությունը: Հայաստանի նախագահը 2014 թվականին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցրած իր ելույթում ներկայացրեց Հայաստանի պետական դիրքորոշումը` առաջ մղելով մեր երկրի պետական շահը: Լսարանը մեծ էր և նախագահն իր խոսքը տեղ հասցնելու լավագույն առիթը օգտագործեց ճիշտ շեշտադրմամբ:

Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթի տեսանյութը:

 Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի այս ելույթից ընդամենը 4 տարի անց` 2018-ին, ՀՀ իշխանության ղեկին կհայտնվեն մարդիկ, ովքեր կդառնան ադրբեջանական քարոզչական կեղծ թեզերի տարածողներն ու թշնամական երկրի քաղաքական օրակարգի սպասարկուները:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը չի դադարում հանդես գալիս ադրբեջանանապաստ թեզերով ու շեշտադրումներով: Մասնավորաբար, 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը, ով նպատակասլացորեն գնում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հակահայկական ծրագրի իրագործման ճանապարհով, ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի մասին խոսելիս մեջտեղ է բերում միմիայն ադրբեջանանպաստ ձևակերպումներ։

Չորս բանաձևերից միայն վերջինում կա այսպիսի ձևակերպում` «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային-ղարաբաղյան տարածաշրջան»: Եվ Նիկոլն ամեն անգամ հե՛նց այս ձևակերպումն է հիշատակում: Այսինքն, ուղղակիորեն կրկնում է Ալիևին, ու Ալիևի պես 4 բանաձևերից ընտրողաբար վերցնում է միայն ադրբեջանանպաստը: Ապա հիմնվելով Բաքվի կեղծ փաստարկների վրա` անում այսպիսի հետևություն, թե. «ՄԱԿ-ի ԱԽ-ն անխուսափելիորեն սահմանելու էր, որ մինչև վերջնական կարգավիճակի ճշգրտումը Լեռնային Ղարաբաղը ստանում է ճանաչված կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում»։ Պարզ է, չէ՞, թե որն է ադրբեջանական կեղծ թեզեր շրջանառելու Նիկոլի նպատակը: Մեղմ է ասել, թե սա չիմացության, տգիտության հետևանք է, իհարկե` ոչ: Սա թշնամական երկրի հակահայկական օրակարգի սպասարկման մասին է փաստում, ինչն ակնհայտորեն դրսևորվում է Փաշինյանի բոլոր քայլերում:

Գրեթե իր բոլոր ասուլիսներում նա անդրադառնում է ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերին, ու ամեն անգամ շեշտում, թե այդ բանաձևերը սահմանում են Արցախի կարգավիճակը: Սա ամբողջությամբ ալիևյան կեղծիք է: Ինչպես ասացինք, Բաքուն տարիներով շեշտել, թե բանաձևերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախապայման են: Կրկին շեշտենք, որ դրանք Արցախի կարգավիճակի հետ ոչ մի առնչություն չունեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ունեցել Արցախի կարգավիճակը ճանաչելու գործառույթ և երբևէ չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը՝ ձեռնպահ մնալով ուղիղ միջնորդական նախաձեռնություններից: Հետևաբար, 4 բանաձևերը չէին կարող հանդիսանալ ԼՂ ու հարակից շրջանների կարգավիճակը ճանաչող փաստաթղթեր: Այդ գործառույթն ամբողջությամբ վերապահված էր 1992-ին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը 1994-95 թթ. ստացավ Արցախի կարգավիճակի հստակեցման մանդատ: Փաշինյանը, սակայն, խորամանկորեն անտեսում է այս փաստերը: Նա ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը համառորեն մեկնաբանում է այնպես, ինչպես թշնամական երկրի նախագահ Իլհամ Ալիևը` բառացիորեն կրկնելով Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումը:

Քպ-ական պատգամավորները ևս թշնամու թեզերը շրջանառելու հարցում հետ չեն մնում իրենց առաջնորդից: ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, օրինակ, ԱԺ նիստերից մեկում շրջանառեց ադրբեջանական թեզը` Հայաստանին «օկուպանտ»-ի պիտակը կպցնելով, իսկ իր անհեթեթությունը հիմնավորել փորձեց հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերին։ ՔՊ-ական այս «արարածը» կեղծեց իրականությունը միայն նրա համար, որ մեղադրի նախկիններին:

Հայաստանն աշխարհին որպես «օկուպանտ» ներկայացնելը Բաքվի քարոզչամեքենայի գլխավոր նպատակներից է, Ալիևը տարիներով այս մասին աղմկել է միջազգային բոլոր ամբիոններից, սակայն մշտապես անտեսվել են նրա բարբաջանքները:

Մինչդեռ այսօր ալիևյան կեղծիքները հնչում են Հայաստանի խորհրդարանից, Բաքվի բռնապետի նպատակները իրականացվում են հենց Հայաստանի ներսում` քպ-ի ձեռքով:

Մինչդեռ 4 բանաձևերից և ոչ մեկում Հայաստանը չի ճանաչվել որպես հակամարտող կողմ:

Ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանը բաքվի այս կեղծիքի առնչությամբ 2014-ի ՄԱԿ-ի իր ելույթում հստակ ասում է. «Կարևոր է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում հիշատակվում է ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ միայն որպես միջնորդ՝ համոզելու Արցախի հայերին ընդունելու այս բանաձևերը»: Եվ եվրոպացի գործիչներին հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի 2001թ. փետրվարի 23-ին Բաքվի խորհրդարանում հնչեցրած հետևյալ միտքը. «Ոչ ոք Հայաստանը չի ճանաչում որպես ագրեսոր որևէ միջազգային կազմակերպության փաստաթղթում …»:

 Կարինե Գրիգորյան