Հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և ստորագրել այն. Փաշինյան

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը  հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջ մղումը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման  պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ  համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն:  Միջազգային հանրության ընկալումը ավելի  ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29 800 քառակուսի կմ և 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն:

Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը և բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝  ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային  մեխանիզմները չափազանց կարևոր են: Միաժամանակ համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը:

Տնտեսական և բյուջետային ցուցանիշները, կարծում եմ՝ հանրության և տնտեսության  արձագանքն են մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին»,-հայտարարեց Փաշինյանը: