Նման իրավիճակում հեռու չէ այն օրը, երբ Բեռլինում կհայտնվի Ֆյուրերի հուշահամալիրը
ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրել է․
«Մեկնաբանելով Հայաստանի համար օդային տարածքի փակումը, Թուրքիայի արտգործնախարարը որպես հիմք մատնանշեց «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրման անթույլատրելիությունը և Հայաստանի կողմից իբր զենքի մատակարարումն Արցախում։ Դե, անիմաստ է խոսել պաշարված Արցախին զենք մատակարարելու անհեթեթության մասին, իսկ այ հուշարձանի մասով ուզում եմ հիշեցնել, չէ, ոչ թե թուրք նախարարին, այլ մեզ ու քաղաքակրթական հանրությանը, որ Ստամբուլում կա Ազատության հուշարձանը, որը խորհրդանշում է արդիականությունը, ժողովրդավարությունը և աշխարհիկությունը Թուրքիայում, ծառայում է որպես պաշտոնական արարողությունների և հանրային հավաքների վայր, ներառյալ դեմոկրատական ուժերի համար: Այնտեղ ամենաակնառու տեղում Թալեաթ փաշայի և Էնվեր փաշայի հուշահամալիրներն են՝ ֆաշիստ Հիտլերի ու Հիմլերի նմանակները, որոնք 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն են։ Թալեաթի աճյունն այստեղ բերվել է Բեռլինից 1943 թվականին, Էնվերինը՝ 1996 թվականին։ Եթե չեմ սխալվում, միջազգային հանրության կողմից սրան արձագանք չի եղել։ Հենց այս անողնաշարությունը, ագրեսորի գոտեպնդումը տանում է սարսափելի ողբերգությունների: Նման իրավիճակում հեռու չէ այն օրը, երբ Բեռլինում կհայտնվի Ֆյուրերի հուշահամալիրը»։

