Նիկոլը ստում է, թե Մադրիդյան սկզբունքներով հանձնվել է Արցախը, ստում է` արդարացնելու նոր կապիտուլյացիան
«Սուտը որքան շատ` այնքան ազդեցիկ». սա եղել ու կա Նիկոլ Փաշինյանի գործելաոճը. այդպես է նա աշխատել որպես լրագրող` իրականում չլինելով լրագրող, այլ լրագրությունը ծառայեցնելով որպես փող աշխատելու միջոց: Հետո նույն գործելաոճով աշխատեց որպես ընդդիմադիր պատգամավոր. ԱԺ ամբիոնից, առանց աչքը թարթելու, փաստերը աղավաղում էր, կեղծում ու իրեն բնորոշ ցինիկ ոճով դա մատուցում ժողովրդին, աշխարհին` իբրև բացարձակ ճշմարտություն:
Իսկ վերջին 5 տարին որպես վարչապետ՝ Փաշինյանն իր պետականաքանդ ստով ավերում է Հայաստանը:
Ստում է` ժողովրդին պայծառ ապագայի մասին դատարկ խոստումներ տալով, Ստում է՝ սեփական մեղքերն այլոց վրա բարդելով:
Ստելով տակնուվրա է արել Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերը, փչացրել ՀՀ հարաբերությունները տարբեր երկրների հետ, կասկածի տակ դրել արցախահայության ինքնորոշման իրավունքը, դրանով վտանգել Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքերը, պայմաններ ստեղծել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար:
Փաշինյանն իր սուտը ծառայեցնում է կոնկրետ նպատակների: Երբ սկսում է մոլեռանդորեն թիրախավորել հայկական բանակը, վարակաբեկել մեր զինվորականներին` կնշանակի սպասվում է ադրբեջանական հերթական ագրեսիան, ու նոր զոհեր ենք ունենալու: Երբ սկսում է թիրախավորել նախկիններին և գլխիվայր ներկայացնելով արցախյան բանակցային գործընթացը` կնշանակի պատրաստվում է նոր զիջումների:
Օրերս նա ԱԺ ամբիոնից հերթական ստի տարափը տեղաց` հայտարարելով, թե «Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս»։ Նորից պտտեց ժողովրդին մոլորեցնող այն մանիպուլյատիվ թեզը, թե` «Նիկոլը ի՞նչ մեղք ունի` ամեն ինչ արել են նախկիններն ու գցել խեղճ Նիկոլի ջեբը, իսկ Արցախը վաղուց տրված էր»:
Եթե նկատել եք, Փաշինյանը` նենգափոխելով Մադրիդյան սկզբունքները, չի հրապարակում այդ փաստաթղթից որևէ հատված: Փոխարենը խոսում է չփաստարկված, անհիմն, կցկտուր: Ինչպես դիպուկ նկատել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը նախորդ տարիներին, այդպես չեն մեկնաբանել ու աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես Նիկոլն է անում դա` հօգուտ թշնամու:Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսը ցուցադրեց»:
Փաշինյանը ստում է պնդելով, թե Մադրիդյան սկզբունքները ենթադրել են Արցախի գոյություն Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակն է: Ի դեպ, Փաշինյանի սին պնդմանը, թե Մադրիդյան փաստաթուղթը առաջարկում էր 7 շրջանների վերադարձնել, բայց չէր անդրադառնում ԼՂ կարգավիճակին, արձագանքեց ռուսաստանցի համանախագահ Պոպովը, հայտարարելով` «Դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը»:
Մադրիդյան սկզբունքները ժամանակին մերժել է Ալիևը, այսօր էլ այն քննադատում ու մերժում է Փաշինյանը: Պատճառը շատ պարզ է, որովհետև փաստաթուղթում Արցախի հարցում ամրագրված է երկու շատ կարևորագույն հանգամանք` դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է ու Արցախի կարգավիճակը:
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մադրիդյան սկզբունքներն ի հայտ եկան 2007-ին, իսկ 2009-ին դրանք հրապարակվեցին: ԵԱՀԿ համանախագահների կողմից հայտարարվեց՝ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում։ Այս 3 հիմնարար սկզբունքներն էլ դարձան բանակցային գործընթացի հիմքը:
Արձանագրեմ մի կարևոր հանգամանք, եթե մինչ 2007-ը ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերում ինքնորոշման իրավունքը չի արձանագրվել, ապա այն արձանագրվեց հենց Մադրիդյան սկզբունքներով, շեշտվեց` ԼՂՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հիմքում ինքնորոշման իրավունքն է։ Եվ որպեսզի չլինեին շահարկումներ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ կապված` համանախագահները տվեցին շատ կարևոր մեկնաբանություն․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում գործում է տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կկարգավորվեն ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա։
Այսպիսով, Մադրիդյան փաստաթղթով ինքնորոշման իրավունքի սկզբունքը հայտարարվեց անկյունաքարային: Հետագա տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր հայտարարություններում շեշտվեց ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը:
2008-ին նախագահ Սերժ Սարգսյանը սահմանեց հայկական կողմի կարմիր գծերը` Արցախի ինքնորոշման իրավունք և խելամիտ փոխզիջման քաղաքականություն: Բանակցություններն ընթանում էին հետևյալի շուրջ` Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որից հետո 5, ապա 2 շրջանների վերադարձ: Համանախագահները արձանագրում էին` շրջանների վերադարձի գործընթացը կապված էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:
Մադրիդյան փաստաթղթի համաձայն Արցախի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվեր ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը պետք է արտահայտեր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը և ունենար իրավականորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն:
Փաստաթղթում ներառված էին նաև հայկական կողմերի համար ընդունելի այլ կետեր ևս` Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ընդունում, ԼՂ ներկայացուցիչների մասնակցություն ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ստանձնում եւ այլն:
Ահա, այս փաստաթղթի շուրջ էին բանակցում Հայաստանի նախկին իշխանությունները, որտեղ որևէ խոսք չկար Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Նման ժառանգություն էր թողնված Փաշինյանի կառավարությանը, ինչը վերջինս մսխեց մինչը վերջ:
ՆԻԿՈԼԻ ԶՐՈՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ցանկացած ողջամիտ մարդ, անգամ Մադրիդյան փաստաթղթի բովանդակությանն անտեղյակ մեկը, կարող է պարզ հարց տալ, եթե Մադրիդյան սկզբունքերով 2007-ից սկսած Արցախը թողնվում էր Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ էր Ադրբեջանն անվերջ տորպեդահարում դրանց ընդունումը: Ինչո՞ւ Ալիևը 2011-ին մերժեց Կազանյան փաստաթուղթը, որն ամբողջությամբ մշակված էր Մադիդյան սկզբունքների հիման վրա: Ինչո՞ւ էր Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը տարիներով պայքարում, որ հանկարծ Մադրիդյան սկզբունքերը տեղ չգտնեն միջազգային փաստաթղթերում:
Ի վերջո, հիշենք նաև, որ մադրիդյան սկզբունքների հիման վրա ծավալվող բանակցային գործընթացից դժգոհ Ալիևը 2016 թվականին խոսում էր այն մասին, թե իր վրա միջազգային ճնշում կա՝ Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնելու հարցում:
Իրականում Փաշինյանն ինքն է հանձնել Արցախը Ադրբեջանին 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում: Այս մասին փաստեց անձամբ Ալիևը հայտարելով`
«Առաջին անգամ Հայաստանը պետականորեն ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս»:
ԱՅԴ ՄԱՐԴՆ ԻՆՉԻ՞ ՀԵՏ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ` ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱ՞Ն, ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՐԴԱԼՈ՞Ւ, ԸՆԿԱԼԵԼՈ՞Ւ, ԹԵ՞ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարագսյանն ի պատասխան Մադրիդյան սկզբունքների մասին Փաշինյանի հայտարությանը, ասել է. «Գիտեք, ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելուց, ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում, այդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի. բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու եւ ընկալելո՞ւ, թե՞ հիշողության հետ: Որովհետեւ, երբ ուզում, հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ի՜նչ ուզում անում է. երբ ուզում՝ պատերազմը խաղաղություն է համարում, պարտությունը՝ հաղթանակ, ի՞նչ կարող եմ դրա մասին ասել: Բայց բոլորդ էլ տեղյակ եք չէ՞, որ մինչեւ 2018 թվականը, բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը: Թվարկեմ 5 կողմերը, որ բոլորը հիշեն` Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա: 2018-ից հետո այս 5-ից չորսը՝ Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, էին հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը: Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է: Դե, ամոթ է էլի վերջապես, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող մի հատ հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո, բուն Հայաստանի տարածքից ինչքա՞ն են կորցրել: Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն. 100 անգամ ավելին, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց: Չորս անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան պատերազմի ժամանակ: Բա այդպես ե՞ն խաղաղության գնում, սա՞ է խաղաղությունը»:
Ո՞ՐՆ է ԴԱՎԱՃԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

Այսօր Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ծառայեցնում է կոնկրետ նպատակների` դա սեփական կաշին փրկելն է, իր վրայից դավաճանի պիտակը մաքրելը, «սրբագրել» 44 պատերազմի ընթացքն ու արդարացնել սպասվող նոր կապիտուլացիան…
Թե որքանո՞վ այս ամենը նրան կհաջողվի` կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր համախմբվածությունից, ազգային իմաստնությունից:
Արմինե Սիմոնյան

