Բոնոն և Ալիևը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն Իլհամ Ալիևի հետ երկուշաբթի օրը քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այդ մասին տեղեկություն է հրապարակել ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։

Ալիևը գոհունակություն է հայտնել փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ «այդ ուղղությամբ մշտական ջանքերի համար»։

Իր հերթին Բոնոն ընդգծել է, որ Բլինկենը նույնպես արդյունավետ է համարում մյունխենյան հանդիպումը։