Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը կնպաստի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
«Վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը»,– ասված է հաղորդագրությունում:
ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը հայկական կողմին երախտագիտություն է հայտնել առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:

