Մոսկվան ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու փորձ
Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Ցավոք, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի ձգտումը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերի մեջ տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականները,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի հեռանկարում մնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների շրջանակում։

