Բաքվում Խորհրդատվական խորհրդի շրջանակում Հարավային գազային միջանցքի վերաբերյալ նիստ է ընթանում

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի նիստին։ Այս մասին Սիյարտոն գրել է «Ֆեյսբուքի» իր էջում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցելու են իր գործընկերները Հարավարևելյան Եվրոպայի երկրներից։ «Հույս ունենք, որ մեզ կհաջողվի հասնել էական առաջընթացի դիվերսիֆիկացման պլանները որոշակիացնելու հարցում։ Ադրբեջանից բնական գազի ավելի մեծ քանակության ձեռքբերումը առավել իրատեսական սցենարն է՝ Կենտրոնական Եվրոպայում բնական գազի նոր աղբյուրների տեսակետից»,- նշել է Սիյարտոն։

Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը։

Փաստորեն, Բաքվի միջոցառման ներկայացուցչական մասնակցությունը Արևմուտքի երկակի չափորոշիչների հերթական դրսևորումն է ագրեսոր երկրի հանդեպ և նպաստում է Ադրբեջանում անօրինականության հաստատմանը։