Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան
Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ անդրադառնալով Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին հարցին:
«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում»,-ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը:
«Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված»,-ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին՝ հավելելով, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար:
Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար:

