Լրագրողների սպանությունների թիվը 2022թ. տագնապեցնող է․ 86 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից. ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2022թ. աշխարհում սպանվել են 86 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից՝ մեկ սպանություն յուրաքանչյուր չորս օրը մեկ։ Սա 50 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Վիճակագրությունը վկայում է լուրջ վտանգների մասին, որոնց լրագրողները շարունակում են բախվել իրենց աշխատանքի ընթացքում։
«Հետևողական նվազման մի քանի տարիներից հետո լրագրողների սպանությունների թվի աճը 2022թ. տագնապեցնում է,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։- Երկրների իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի կանգնեցնեն այդ հանցագործությունները և ապահովեն մեղավորներին պատժելու գործընթացը։ Անտարբերությունը բռնության մթնոլորտի ձևավորման հիմնական գործոններից մեկն է»։
2022թ. սպանությունների թվի աճը նշանավորում է վերջին տարիներին նկատվող դրական միտման կտրուկ փոփոխությունը. եթե 2018թ. սպանությունների թիվը 99 էր, ապա 2019-2021թթ. այն կրճատվել էր՝ տարեկան միջինը 58 սպանություն, վկայում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի լրագրողների սպանություններին հետևող Մոնիթորինգի առաքելության տվյալները։
Այս թվերը, ինչպես նշել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հիշեցնում են ամբողջ աշխարհի իրավական համակարգերում խորացող խնդիրների մասին և ի ցույց են դնում պետությունների՝ լրագրողներին պաշտպանելու իրենց պարտավորությունները կատարելու անկարողությունը։
Լրագրողների սպանություններ են կատարվել բոլոր տարածաշրջաններում, բայց ամենից շատ զոհեր 2022թ. եղել են Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում։ Այստեղ կատարվել է 44 սպանություն, ինչը կազմում է աշխարհում բոլոր սպանված լրագրողների կեսից ավելին։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցվել է 16 սպանություն, իսկ Արևելյան Եվրոպայում՝ 11։ Ամենաշատ թվով մահեր գրանցվել են Մեքսիկայում (19 սպանություն), Ուկրաինայում (10) և Հայիթիում (9)։

