Համաշխարհային բժշկական ասոցիացիան Արցախի բնակիչներին օգնելու շտապ գործողությունների կոչ է արել
Համաշխարհային բժշկական ասոցիացիան Արցախի հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված հազարավոր խաղաղ բնակիչներին օգնություն ցուցաբերելու շտապ գործողությունների կոչ է արել։
Նշվել է, որ ճգնաժամը հաջորդել է Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի փակմանը, ինչի հետևանքով ավելի քան 120 000 խաղաղ բնակիչներ զրկվել են բուժօգնության հնարավորությունից։ Որպես հետևանք՝ Արցախում հազարավոր մարդիկ չեն կարողանում ստանալ պարեն և բուժօգնություն, իսկ հիվանդներին անհնար է հասցնել Երևանի հիվանդանոցներ։
«Պացիենտները կարող են մահանալ, որովհետև չեն կարողանում ստանալ իրենց դեղերը և չեն կարողանում հիվանդանոց տեղափոխվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ անցումը, որպեսզի այս հումանիտար աղետն ավելի չխորանա։ Սա կրիտիկականորեն կարևոր երթուղի է կենսականորեն կարևոր սննդամթերքների և դեղորայքի առաքման համար»,- ասել է WMA Խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնթգոմերին։

