Առաջիկա զարգացումները և լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
«Այսօր արդեն 11-րդ օրն է, որ ուղղակի անհիմն և հակաօրինական պատճառներով փակվել է Բերձորի միջանցքը, միակ ճանապարհը, որը կապում է Արցախը ոչ միայն Հայաստանի հետ, այլև ամբողջ աշխարհի։ Հիմա ըստ էության արդեն 11-րդ օրն է, որ մեր հայրենակիցները՝ մոտավորապես 120 հազար հոգի, գտնվում են բլոկադայի մեջ և որևէ հնարավորություն չունեն կապ հաստատել անգամ իրենց հարազատների հետ։ Կան բազմաթիվ հարցեր և, ցավոք սրտի, այդ հարցերի պատասխանը մինչ օրս չենք ստացել։ Տեսնելով, թե ինչպիսի քարոզչություն, ինչպիսի քաղաքականություն է վարում ներկայիս ՀՀ իշխանությունը, ինչ-որ հույսեր չեմ կարող կապել նրա հետ, որ կստացվի շուտափույթ այդ հարցերը լուծել։ Ինչ վերաբերում է միջազգային այդ որոշմանը, էստեղ խնդիրը նրանում է, որ դա ուղղակի մտահոգությունն է, որ այդ կառույցները հայտնում են, բայց ըստ էության որևէ հստակ քայլ նրանք չեն անում, չնայած այդ մեխանիզմներն ունեն»,- անդրադառնալով ադրբեջանցի ֆեյք բնապահպանների կողմից Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակմանը, հայաստանյան իշխանությունների հռետորաբանությանը, Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի ներկայացրած պահանջի բավարարմանը և Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու հանգամանքին՝ ընդգծեց փորձագետը:
Անդրանիկ Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց նաև այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ՌԴ-ի նկատմամբ ցուցադրական մեղադրանքներին և դրանց նպատակներին։
Հաղորդման շրջանակներում բանախոսը հիշեցրեց նախկինում իր կողմից բարձրաձայնած վտանգների մասին առ այն, որ Հայաստանում առկա են հայախոս և հայկական անձնագրերով թուրքեր, որոնք հստակ հայակործան գործունեություն են տանում, ինչի հերթական ապացույցն ու դրսևորումը տեսանք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակող կեղծ բնապահպանների շրջանում, ովքեր լիարժեք տիրապետում էին հայերենին և բարձրաձայնում, որ ապրել են Երևանում։ Բանախոսը հերթական անգամ ահազանգեց, որ մեզանում շատ են հայերենի փայլուն իմացությամբ թուրքեր և ադրբեջանցիներ, ովքեր հատկապես համացանցում ակտիվ գործունեություն են տանում՝ տարբեր գրառումներով փորձելով մոլորեցնել հայ հասարակությանը կամ խուճապ տարածել, ինչի արդյունք էլ կարող է լինել հանրության նմանօրինակ անտարբերությունը Հայաստանի և Արցախի առջև ծառացած այս օրհասական խնդիրների նկատմամբ։
Միջազգայնագետը անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ նաև կարևորեց հայաստանյան արտաքին քաղաքականության ճիշտ վարման հանգամանքը, որի արդյունքում հնարավոր է հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունները հեռացնել Հայաստանի սահմաններից՝ տեղափոխելով Ադրբեջանի տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում

