Հնդկաստանն ավելի զգայուն է դառնում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նկրտումների հարցում. Արմեն Բայբուրդյան
Հնդկաստանն ավելի զգայուն է դառնում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նկրտումների հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասել է Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։
Հնդկաստանի համար բարեկամական Հայաստանը ենթարկվում է ադրբեջանական ագրեսիայի և, նրա գնահատմամբ, հենց այդպես է իրավիճակն ընկալում Նյու Դելին։
Նա ավելացրել է, որ դա ոչ միայն չի նվազեցնում Հայաստանի հանդեպ Հնդկաստանի զգայունությունը, այլև, հակառակը, բարձրացնում է այն։ «Խոսքն ավելի ուշադիր, զգայուն քաղաքականություն վարելու մասին է։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանը հարաբերություններ է հաստատել նաև Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի պարագայում այդ հարաբերությունները որակապես ավելի բարձր մակարդակում են։ ՄԱԿ շրջանակում Հնդկաստանը և Հայաստանը սատարում են միմյանց, նրանց դիրքորոշումները ճնշող մեծամասնությամբ համընկնում են, շատ ավելի հաճախ, քան այդ նույն Ադրբեջանի հետ։ Նշանակում է, որ շահերը համընկնում են»,- նշել է Բայբուրդյանը։

