Իրանի արտգործնախարարը Կիևին կոչ է արել չընկնել եվրոպացի ծայրահեղական քաղաքական գործիչների ազդեցության տակ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կիեւին կոչ է արել չընկնել եվրոպացի ծայրահեղական քաղաքական գործիչների ազդեցության տակ։
Նա հերթական անգամ հերքել է Ուկրաինայի դեմ օգտագործելու համար Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին տեղեկությունները, գրում է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերապրել է ութ տարի պարտադրված պատերազմ եւ, հետեւաբար, դեմ է պատերազմներին Ուկրաինայում, Եմենում եւ այլն»,-ասել է նա։
«Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ եւ նախկինում ունեցել ենք պաշտպանական համագործակցություն, սակայն Ուկրաինայում պատերազմի հետ կապված մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը, չուղարկել զենք պատերազմող կողմերին եւ դադարեցնել պատերազմը»,-հավելել է նա։
«Կարծում եմ՝ Ուկրաինան պետք է զգույշ լինի, որպեսզի չընկնի որոշ ծայրահեղական եվրոպացի քաղաքական գործիչների ազդեցության տակ»,-նշել է նա։

