Եյսկում ինքնաթիռի կործանման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 13 մարդ

Ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի. ինքնաթիռը Եյսկում (Կրասնոդարի երկրամաս) ընկել է ինը հարկանի շենքի վրա, տեղեկացրել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, փոխանցել է «Ինտերֆաքսը»։

«ԱԻՆ-ի տվյալներով՝ Եյսկում պատահարի վայրում ինքնաթիռի առաջացրած ավերածությունների տակ հայտնաբերվել են զոհվածների մարմինները։ Հոկտեմբերի 18-ի ժամը 6.00-ի դրությամբ զոհվել է 13 մարդ, այդ թվում երեք երեխա։ 19 մարդ վիրավորվել է, նրանցից չորսը բարեհաջող հասցվել է Կրասնոդարի երկրամասային հիվանդանոց, մյուսները բուժում են ստանում Եյսկի հիվանդանոցում»,- երեքշաբթի ասել է Կուզնեցովը։

Նրա խոսքով՝ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

«Տուժածներին օգնության ցուցաբերումը ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի անձնական հսկողության տակ է»,- ավելացրել է նա։

Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ փրկարարներն ավարտել են փլատակների ստուգումը։ Պարզվել է, որ փրկարարական գործողության ժամանակ հաջողվել է փրկել մոտ 68 մարդու կյանք, իսկ ավելի քան 360 հոգի ժամանակին տարհանվել է։