Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև կստեղծվի ընդհանուր ավիացիոն գոտի
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է՝ խտրականության բացառման և վարչական ընթացակարգերը նվազագույնի հասցնելու միջոցով: Բացի այդ, ավիափոխադրողների միջև ստեղծվելու են մրցակցային ազատ պայմաններ:
Փոխնախարարի խոսքով. «Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ»։
Բացի այդ, համաձայնագրի վավերացմամբ և ուժի մեջ մտնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ, ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ և ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաև հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում:

