«Աէրոֆլոտը» սեպտեմբերի 1-ից կկրճատի դեպի Թուրքիա և Սոչի թռիչքների ժամանակը

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը սեպտեմբերի 1-ից դեպի Թուրքիա և Սոչի կրճատված երթուղով կթռչի։ Դա թույլ կտա 20-30 րոպեով նվազեցնել թռիչքի ժամանակը։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով «Աէրոֆլոտ»-ի մամուլի ծառայությանը։

««Աէրոֆլոտը» սեպտեմբերի 1-ից փոփոխություններ է կատարում դեպի Սոչի և Թուրքիա թռիչքների չվացուցակում՝ թռիչքների ժամանակի կրճատմամբ։ Թռիչքների ժամանակը կկրճատվի 20-30 րոպեով»,- հայտնել են ընկերությունից։

Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ ռուսական ավիաընկերություններին կթույլատրվի լրացուցիչ օդային միջանցք օգտագործել՝ Մոսկվայից Թուրքիա եւ Սոչի թռիչքների ժամանակը կրճատելու համար։ Հրատարակության տվյալներով՝ ավիափոխադրողները այս միջանցքով կկարողանան ժամում 15-ից ոչ ավելի թռիչք կատարել յուրաքանչյուր ուղղությամբ։

Ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի հարավում փակվել է 11 օդանավակայան։ Դրանք փակ կլինեն առնվազն մինչեւ սեպտեմբերի 4-ը։ Սոչիի օդանավակայանը շարունակում է գործել, սակայն սահմանափակումների ներդրումից հետո Մոսկվայից թռիչքի ժամանակը երկու ժամից դարձել է չորս ժամ, գրում է «Կոմերսանտը»։