Ադրբեջանի ՊԱԾ պետ Ալի Նաղիևը թյուրքալեզու երկրների իր գործընկերների մոտ Հայաստանի «ռևանշիստների» գործունեությանն է անդրադարձել

Երեկ իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր էջում անդրադարձել էր կարևոր և մեզանում հանիրավի աննկատ անցնող մի թեմայի, մասնավորապես Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում ընթացող թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հավաքին և այն դրվագին, որ Ադրբեջանը դրան ներկայացել է միանգամից երկու մասնակցով (Պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ և Արտաքին հետախուզական ծառայության պետ):

Այսօր արդեն պարզ է դառնում, որ Ադրբեջանի ներկայացուցիչներից ՊԱԾ պետ Ալի Նաղիևը հասել է Ղրղզստան՝ թյուրքալեզու երկրների իր գործընկերների մոտ Հայաստանի «ռևանշիստների» գործունեությանը անդրադառնալու և Ադրբեջանին ու «թուրանական աշխարհին» հայ «ռևանշիստների հասցրած «վնասները» ներկայացնելու համար։

Ալի Նաղիևը նախ ցավ է հայտնել, որ Հայաստանի «ռևանշիստները» լրջագույն վնաս են հասցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա նաև ամենայն հավանականությամբ ակնարկելով Իրանին՝ հայտարարել, որ Ադրբեջանի որոշ հարևաններ ամեն ինչ անում են Ադրբեջանի ներքին կայունությունը խաթարելու ուղղությամբ։

Հաշվի առնելով, որ Ալի Նաղիևի ելույթը տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների միջավայրում, իսկ հավաքի բուն և իրական նպատակը պանթուրանական պրոյեկտի կյանքի կոչմանը վերաբերող խնդիրների քննարկումն է, ապա Ադրբեջանի ներկայացուցիչը իր մասով արձանագրել է այդ ծրագրի իրականացմանը խանգարող երկու հիմնական խոչընդոտ՝

  1. ՀՀ իրական և ազգային ընդդիմություն։
  2. Իրանի Իսլամական Հանրապետություն։

 

Արտյոմ Տոնոյան