Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան. ՊՆ
Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտ ադրբեջանական դիրքեր չկան, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Մարտի 17-ին Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարեց, որ այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3 երեք (Վարդենիս համայնք, Իշխանասար և Ներքին Հանդ), այլ 4 ներխուժում։
Նա հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ–ը ներխուժել են նաև Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված։
Ապրիլի 11-ին Թաթոյանը հրապարակեց Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի դիրքերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ նշված էր նաև Ծավ գյուղի տարածքը։
«Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան»,- հայտնում են ՊՆ-ից։
Հարցին, թե ինչու ՊՆ–ը չի տեղեկացրել Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Ներքին Հանդի հատվածում ներխուժման մասին 2021 թվականին, գերատեսչությունից պատասխանել են, որ «ՊՆ-ն սահմանված համապատասխան գերատեսչություններին իրազեկում է սահմանային իրադրության վերաբերյալ»։
Ավելին, ՊՆ-ն պնդում է, որ Ներքին Հանդի և ՀՀ սահմանամերձ բոլոր բնակավայրերի բնակչությունը դեռևս 2020 թ. նոյեմբեր ամսից «զգուշացվել է հնարավոր բոլոր վտանգների մասին»։

