ՀՀ միգրացիոն ծառայությունը ներկայացրել է ՌԴ օրենսդրության նորույթների մանրամասներ

2022 թ. հունվարի 1-ից աշխատանքային միգրանտների մատնահետքերի գրանցման, լուսանկարման ընթացակարգերը, ինչպես նաև բուժզննումը պարտադիր են դարձել Ռուսաստան մտնելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Նա հիշեցրել է, որ աշխատանքային միգրանտներ են համարվում այն անձինք, որոնք լրացնելով միգրացիոն քարտը՝ այցի նպատակ են նշում «աշխատանքը», և նախազգուշացրել է, որ այս պայմանը չկատարելու դեպքում կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ, և քաղաքացին չի կարողանա աշխատանքային պայմանագիր կնքել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում 90 օրից ավելի գտնվող քաղաքացիներին, ապա, ըստ նրա, նրանց թվին են պատկանում աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամները, ուսանողները և այլք, որոնք նույնպես պետք է մատնահետք հանձնեն, լուսանկարվեն և բուժզննում անցնեն, բայց արդեն 90 օրվա ընթացքում։

«Նախ և առաջ՝ պետք է բուժզննում անցնել, իսկ հետո՝ մատնահետքերի գրանցման և լուսանկարվելու ընթացակարգերը։ Բժշկական եզրակացություն ստանալու համար պետք է քիմիաթունաբանական հետազոտություն անցնել (թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործման զննում), ինչպես նաև հետազոտություն վարակիչ հիվանդությունների (տուբերկուլյոզ, բոր, սիֆիլիս, ՄԻԱՎ) առկայությունը պարզելու նպատակով։ Մարտի 1-ից կորոնավիրուսը հանվել է այդ ցուցակից։ Բացի այդ, երեկվանից քիմիաթունաբանական հետազոտությունը պարտադիր է 13 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,- ավելացրել է Դավթյանը։

Նա պարզաբանել է, որ քաղաքացին պետք է բուժզննում անցնի 5 օրվա ընթացքում կամ 18 օրվա ընթացքում, եթե կա վարակիչ հիվանդությունների կամ թմրանյութերի օգտագործման կասկած։

«Բուժզննումը հաջող անցնելու դեպքում տրվում է երկու փաստաթուղթ՝ ՄԻԱՎ-ի բացակայության մասին տեղեկանք և տեղեկանք այն մասին, որ մարդը սպառնալիք չի ներկայացնում շրջապատողների համար։ Բժշկական եզրակացության ժամկետը 2022թ. մարտի 1-ից սահմանվել է 1 տարի։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են բուժհաստատությունների ցանկը, որտեղ կարելի է բուժզննում անցնել։ Վերոնշյալ կետերի խախտման դեպքում մեկ օրվա ընթացքում քաղաքացուն տեղեկացնում են այն մասին, որ երեք օրվա ընթացքում նա պետք է հեռանա Ռուսաստանից։ Եթե անձը չի կատարում այս պահանջը, ապա կարող է տուգանվել, վտարվել՝ առաջիկա հինգ տարիներին Ռուսաստան մտնելու իրավունքից զրկվելով»,- նշել է պաշտոնյան։

Ռուսաստան այցելող Հայաստանի քաղաքացիները մինչև 90 օր կարող են գտնվել այդ երկրում՝ առանց հատուկ ընթացակարգեր անցնելու, ինչից հետո պետք է ներկայացնել հիմնավորում Ռուսաստանում գտնվելու համար։

«Ռուսաստան 90 օրով այցելող Հայաստանի քաղաքացիների համար մատնահետքի գրանցման, լուսանկարվելու և բժշկական եզրակացության անհրաժեշտություն չկա։ Առանձնացվել է քաղաքացիների մի կարգ ևս, որը Ռուսաստան է մեկնել մինչև 2021թ. դեկտեմբերի 29-ը (մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը)։  Նրանց վերոնշյալ ընթացակարգերն անցնելու պահանջ չի ներկայացվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն եկել Ռուսաստանից»,- ընդգծել է նա։

Այս ընթացակարգը, ըստ Դավթյանի, պարտադիր չէ նաև այն անձանց համար, որոնք մշտական բնակության և ժամանակավոր բնակության թույլտվություններ ունեն, ինչպես նաև նրանց համար, որոնք այս կամ այն պատճառով արդեն անցել են այդ ընթացակարգերը։

«Բացառություն է արվել նաև մինչև 6 տարեկան երեխաների, դիվանագիտական ծառայողների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների և Բելառուսի քաղաքացիների համար»,- ամփոփել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետի տեղակալը։