Արևմուտքը պետք է ընդունի, որ Ռուսաստանին իրական ցավ պատճառելը վտանգավոր է նաև իր համար. «Թամյս»
Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման ակտին Արևմուտքի վերաբերմունքը կենտրոնացված ձևով արտահայտել է անգլիական «Թամյս» ազդեցիկ թերթը։ Նրա հոդվածը պարունակում է ծրագիր, թե ինչպես պետք է Արևմուտքը «վերաբերվի» Մոսկվայի վերջին որոշմանը։
Արևմտյան երկրները պետք է գիտակցեն, որ եթե ցանկանում են իրական ցավ պատճառել Ռուսաստանին, նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին, դա հղի է իրենց համար հետևանքներով։ Սակայն անգործությունը ավելի ծանր հարված կհասցնի Եվրամիությանը, ասվում է բրիտանական «Թամյս» թերթի խմբագրականում: Թերթը ողջունում է Մոսկվայի դեմ «աննախադեպ տնտեսական հետևանքների» մասին ԱՄՆ հայտարարությունը և Արևմուտքին կոչ է անում միասնական ճակատ ցույց տալ։ «Պատժամիջոցների նիզակի գլուխը պետք է ուղղված լինի անձամբ Պուտինի շրջապատին։ Մենք պետք է սառեցնենք նրանց ակտիվները… տուն ուղարկենք նրանց երեխաներին, որոնք սովորում են Բրիտանիայի թանկարժեք մասնավոր դպրոցներում: Մենք պետք է զրկենք Ռուսաստանին արևմտյան արտադրության չիպերի հասանելիությունից, որոնք օգտագործվում են սպառողական էլեկտրոնիկայի և ռազմական սարքերում»,- պնդում է «Թամյս»-ը:
Պարբերականը հանդիմանում է ԵՄ առաջնորդներին, ովքեր «խուսափում են ամենաագրեսիվ գործողություններից» Մոսկվայի դեմ, քանի որ իրենց տնտեսությունները կապված են Ռուսաստանի հետ։ «Ռուսական իրավաբանական անձինք ԵՄ բանկերին պարտք են մոտ 60 միլիարդ դոլար, ինչը չորս անգամ ավելին է, քան նրանք պարտք են ԱՄՆ բանկերին։ Եվրոպան իր սպառած գազի մոտ 40%-ը գնում է Ռուսաստանից։ Այդ պատճառով ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, SWIFT միջազգային վճարային համակարգից օգտվելու և «Հյուսիսային հոսք 2» գազատարը չշահագործելու հնարավորությունից զրկելու ամերիկյան առաջարկը հանդիպել է դիմադրության։ Ժամանակն է, որ ԵՄ առաջնորդները մի կողմ դնեն իրենց շահերը: Արևմտյան երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, պետք է ընդունեն, որ եթե ցանկանում են իրական ցավ պատճառել Ռուսաստանին, ապա դա իրենց համար ևս ցավովտ կլինի։ Այլընտրանքն ավելի վատն է. Եվրոպան կանգնած է հակամարտության շեմին, որը կարող է նոր սև էջ բացել իր պատմության մեջ»,- նշված է հոդվածում, ապա շարունակում է, որ «խիստ պատժամիջոցները Ռուսաստանը կվերածեն մերժված պետության և միլիոնավոր մարդկանց կհասցնեն աղքատության»: Այսինքն, Արևմուտքի խաղադրույքը կրկին տխրահռչակ «հեղափոխության» վրա է, որին Արևմուտքը ենթարկել է մեր Հայաստանը 2018 թ.։
«Դա ողբերգական, բայց երևի թե միակ ճանապարհն է համաշխարհային հանրության կողմից ճնշում գործադրելու Պուտինի վրա, որը չի ընդունում ժողովրդական ցույցերը։ Երբ պատժամիջոցներ են սահմանվում, պետք է միասնական ճակատ ձևավորվի։ Մենք պետք է ողջունենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից հռետորաբանության խստացումը, որը մինչ այժմ խաղաղարար հայտարարություններ էր անում»,- հայտարարում է թերթը:
Թերթը խոստովանում է, որ այս հանգստյան օրերին արևմտյան առաջնորդների հետ տեղի ունեցած Մյունխենի անվտանգության համաժողովը «քիչ է հուսադրում»: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մասնակիցներին հաղորդել է, որ Ռուսաստանը և Չինաստանը ցանկանում են սկսել «նոր դարաշրջան», որտեղ նրանք կփոխեն «գործող միջազգային կանոնները»: Դա պետք է կանխել ի սկզբանե»,- գրում են հեղինակները։ «Այսօր, նախքան Պուտինը կհատի սահմանը, իսկ նա շատ մոտ է դրան, միացյալ Արևմուտքը պետք է հստակ ցույց տա իր պատժամիջոցների մահակը»,- կոչ է անում «Թամյս»-ը:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, ինչպես և սպասվում էր, բացասաբար են արձագանքել փետրվարի 21-ին ԴԺՀ և ԼԺՀ ճանաչմանմասին Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրին։ Արևմուտքը դատապարտում է և խոստանում կոշտ պատժամիջոցներ։ Դիտարկվում է արևմտյան «խեղդող» պատժամիջոցների երկու սցենար։ Առաջինը գործող պատժամիջոցների ռեժիմի ուժեղացումն է, այսինքն՝ արդեն գործող պատժամիջոցների ցուցակներում ռուսական նոր կորպորացիաների, նոր ոլորտների և նոր անձերի ավելացում՝ ընդհուպ մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան ներառումը։ Երկրորդ տարբերակը նոր պատժամիջոցների ներդրումն է «ամենադաժան սցենարով», որի մասին վերջին ժամերին բավականին շատ են խոսում Վաշինգտոնում և Լոնդոնում, բայց շատ ավելի քիչ՝ Փարիզում և Բեռլինում։ Խոսքը վերաբերում է SWIFT միջազգային միջբանկային վճարային համակարգից Ռուսաստանի անջատմանը, դոլարային գործարքների և պետական պարտքի առուվաճառքի հնարավոր արգելքին (երկրորդային շուկայում)։
Ինչպես տեսնում ենք, «կոլեկտիվ Արևմուտքը» ոչինչ չի հասկացել ու չի հասկանում։ Արևմուտքը զգոն չէր նույնիսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի այն խոսքերից հետո, թե «Աշխարհակարգը փոխվում է»։ Իսկ Վուչիչը ԱՄՆ-ի ու Եվրամիության՝ ոչ թե սերբական հայրենասիրական ուժերի հովանավորյալն է: Ուշադրություն դարձնենք․ «Թամյս»-ը քաջատեղյակ է, որ «միլիոնավոր մարդկանց աղքատացումը» «ողբերգական է»։ Սակայն, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս Արևմուտքին այդ նույն միլիոնավոր մարդկանց ենթարկել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ։ Սա է նաև հայերի ցեղասպանությունների պատճառը, ի դեպ։ Իսկ եթե Արևմուտքը 1938-41 թթ. Հիտլերի և Գերմանիայի հետ «ողբերգականորեն» վարվեր, շատ հնարավոր է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի չունենար: Փոխարենը այդ տարիներին Արևմուտքը ֆինանսավորում էր նացիստներին (ինչպես հիմա՝ նեոբանդերական Ուկրաինային…), և Հիտլերին մղում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա…
Սակայն այս անգամ դա «չի հաջողվել». Արևմուտքը հանդիպել է Մոսկվայի կանխարգելիչ միջոցառումներին։
Սերգեյ Շաքարյանց

