ԱՄՆ-ը պատրաստ է իր դեսպանատունը ժամանակավորապես Ուկրաինայից տեղափոխել Լեհաստան
ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայում իր դեսպանատունը երկրից ժամանակավորապես հեռացնելու հարցը, որի ամենահավանական ուղղությունը Լեհաստանն է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Բլումբերգը»՝ հղում անելով աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցներին տեղափոխում է Լեհաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք կարող են վերադառնալ, եթե Ռուսաստանը չներխուժի»,- «Թվիթերում» գրել է «Բլումբերգի» թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը։
Պետդեպարտամենտը և Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Փետրվարի 11-ին ԱՄՆ-ը հայտարարեց Կիևում իր դեսպանատան անձնակազմի ժամանակավոր կրճատման մասին, իսկ մեկ օր անց այս օրինակին հետևեցին մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Իտալիան և Կանադան: Փետրվարի 14-ին Վաշինգտոնը հայտարարեց ԱՄՆ դեսպանատունը Լվով տեղափոխելու մասին։ Նույն որոշումը կայացրել են նաև Ավստրալիայի և Կանադայի իշխանությունները, աշխատակիցների մի մասին Մեծ Բրիտանիան և Լիտվան տեղափոխել են Լվով, իսկ Իսրայելը պատրաստվում է նման գործողության։

