Հայ-թուրքական հարաբերություններում ո՞րն է Թուրքիայի իրական նպատակը (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Փորձագետի հետ զրուցեցինք հայ-թուրքական բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը չպետք է շտապի, տուրք չտա թուրքական առաջարկներին և պահպանի զգոնությունը։
Խոսելով փետրվարի 24-ին Վիեննայում նախատեսված երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին՝ Արմեն Պետրոսյանը կարևորեց այն հանգամանքը, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն առաջին անգամ ստանում ենք հայկական կողմից՝ ԱԳՆ-ից, և շեշտադրեց, որ հայկական կողմի ջանքերի շնորհիվ է, որ հանդիպումը նորից կայանալու է 3-րդ երկրում։
«Բավականաչափ ճիշտ էր, որ 2-րդ հանդիպումը Արևմուտքում անցկացվի, այստեղ մի կարևոր հանգամանք ևս կցանկանայի շեշտադրել․ որքան էլ Թուրքիան ցանկանում է գործընթացը երկկողմանի դարձնել, ես կարծում եմ, որ ՀՀ համար մշտապես պետք է պահել տեղ որևէ միջնորդի, և այդ միջնորդը պետք է լինի հատկապես արևմտյան որևէ երկիր, որովհետև արևմտյան երկրի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելն ավելի հեշտ է, քան դիցուք՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, որովհետև եթե այս տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ են, ապա Արևմուտքն ու Թուրքիան դաշնակիցներ», – շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Այսօր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ոչ պակաս կարևոր է Թուրքիայի համար և պարզապես տարբեր շահեր և հետաքրքրություններ են առկա․ «Եթե Հայաստանի համար առավել կարևոր է տնտեսական տեսանկյունից, ապա Թուրքիայի համար քաղաքական և ռազմավարական տեսանկյունից՝ տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու համար»,- հավելեց փորձագետը։
Արմեն Պետրոսյանի հետ անդրադարձ է կատարվել նաև «3+3» ֆորմատի կարևորությանը, Ադրբեջանի շարունակական կոշտ հռետորաբանությանը ուղղված հայությանը, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության շուրջ լարվածությանն և միաժամանակ Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը՝ ներառելով հատկապես ռազմավարական համագործակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում

